Մատչելիության հղումներ

«Մի՞թե կարելի է այս աստիճանի անօրինականություն»


Բնակիչների պնդմամբ, Նալբանդյան, Թումանյան, Պետրոսյան փողոցների բակում նոր շենքը կառուցվում է նախագծային շեղումներով

Բնակիչների պնդմամբ, Նալբանդյան, Թումանյան, Պետրոսյան փողոցների բակում նոր շենքը կառուցվում է նախագծային շեղումներով

Իրականացվող կառուցապատումների դեմ Երևանի տարբեր թաղամասերի բնակիչների բողոքները «բացարձակապես հաշվի չեն առնվում»:

Տասնյակ խոստումներից հետո անգամ, որ Նալբանդյան, Թումանյան, Ավագ Պետրոսյան փողոցների միջանկյալ բակում կառուցվող շենքը կունենա առավելագույնը 7 հարկ, նշված թվով հարկերը կառուցելուց հետո շինարարությունը շարունակվում է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում պնդեցին տարածքի բնակիչները: «Մոտ 5 անգամ հանդիպել ենք այն ժամանակ քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ, քննարկել ենք հարցը, նախագիծը մի քանի անգամ փոխվել է՝ 16 հարկից 9, հետո՝ 7 հարկ: Յոթ հարկի վրա կանգ էին առել և ֆիքսել են նախագիծը»,- հիշեցնում է բնակիչներից Գրիգոր Ղազարյանը:

Նրա հետ մասնավոր զրույցներում շինարարները խոստովանել են՝ բակում փակցված նախագծից շեղումներ կան։ «Մենք՝ բնակիչներս, չենք կարող ամեն օր մեր գործը թողած վերահսկել, թե ինչ է կատարվում այստեղ: Դա համապատասխան մարմինները, քաղաքապետարանը պետք է այդ վերահսկողական գործառույթն իրականացնեն»,- ասում է բնակիչը:

Կառուցվելիք շենքը պատկերող պաստառի վրա գրված է՝ «Բազմաֆունկցիոնալ բնակելի շենք՝ մանկապարտեզով»։ «Ավագ շին» ՍՊԸ-ն, ում օգտին օտարվել է մանկապարտեզի շենքը, խոստացել է նոր շենքից տարածք վաճառել պետությանը՝ օտարված մանկապարտեզը վերականգնելու համար։ Բնակիչներն այս խոստմանը չեն հավատում և պնդում են, որ զրկվել են և՛ մանկապարտեզից, և՛ կանաչ տարածքից, և՛ արևի լույսից։ «Բետոնե կառույցը այգի էր, որտեղ տասնյակ ծառեր կային, առողջ ծառեր, որոնք հատվեցին․․․»:

Նալբանդյան, Թումանյան, Պետրոսյան փողոցների միջանկյալ բակի կանաչ տարածքը «բետոնի է վերածվել, հատվել են տասնյակ ծառեր»

Նալբանդյան, Թումանյան, Պետրոսյան փողոցների միջանկյալ բակի կանաչ տարածքը «բետոնի է վերածվել, հատվել են տասնյակ ծառեր»

​Քաղաքի կենտրոնում էլիտար շենքի կառուցման դեմ այս բակի բնակիչների՝ դեռ 2012-ից սկսած բողոքի ակցիաներն ու տասնյակ նամակներն օգուտ չտվեցին: Նախկին կանաչ հատվածի ու մանկապարտեզի՝ մոտ 9000 քմ կազմող տարածքը հիմա շինհրապարակ է։

Սա երևանյան միակ բակը չէ, որտեղ կառուցապատումների դեմ բնակիչների բողոքները, ստորագրահավաքները, իշխանություններին ուղղած տասնյակ նամակները ոչ մի արդյունք չեն տվել, բավարարվել է միայն կառուցապատողի ցանկությունը։ Կոմիտաս 5-ում (այստեղ ժամանակին բավական աղմկոտ բողոքի ակցիաներ եղան) կառուցված բարձրահարկում այժմ արդեն ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում: Չնայած դրան, վարչական դատարանում դեռ շարունակվում է տարբեր դիմումներով քննությունը։ Շինթույլտվությունը վիճարկող բնակիչները մինչ օրս նամակներ են ստանում ու դատարան հրավիրվում։

«Շենքը կառուցել են, նամակը նոր ուղարկում ես՝ ինչի՞ համար, քաղաքապետը նույնիսկ եկել էր մեր բակը, մեզ ասաց՝ էդ շենքը չի կառուցվելու, բայց եթե կառուցվի, անպայման ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնվի»,- հիշեցնում է տարակուսած բնակիչներից մեկը: Կոմիտաս 5-ի բնակիչները նախ պահանջում էին իրենց լույսը փակող շենքը չկառուցել, ապա՝ գոնե 5 հարկից բարձր չկառուցել: Բացի այդ, նրանց անհանգստացնում էր շենքի կառուցման պատճառով տեղափոխված հոսանքի ենթակայանը, որը տեղակայվել է «շենքին անթույլատրելի մոտ»։

«Ահավոր հուսահատված ենք, մի՞թե կարելի է էս աստիճանի անօրինականություն: Մենք մոտ երկու ճամպրուկ նամակ ու նամակի պատասխան ունենք տարբեր ինստանցիաներից: Բայց եթե չկա արդյունք, ի՞նչ օգուտ, որ տեղյակ են»,- դժգոհում են Կոմիտաս 5-ի բնակիչները:

XS
SM
MD
LG