Մատչելիության հղումներ

Ճարտարապետ. «Զվարթնոց»-ի հին շենքը քանդելու կարիք չկա


«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը

Շենքի համահեղինակ Ժորժ Շեխլյանը կառույցը փրկելու ծրագիր ունի։

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու կարիք չկա, կարծում է շենքի համահեղինակ ճարտարապետ Ժորժ Շեխլյանը, ով Ֆրանսիայից հատուկ Հայաստան է եկել՝ կառույցը փրկելու ծրագրով։

Ճարտարապետը վստահեցնում է՝ «Զվարթնոց»-ը կարելի է շահագործել սեյսմիկ ամրացումից հետո։ Նրա խոսքով, իր առաջարկած նախագծի իրագործումը մոտ տասն անգամ ավելի էժան է, քան կառավարության հաստատած մաստեր պլանն է ենթադրում։ «Ուզում եմ՝ ժողովուրդը նայի այս տարբերակն էլ, իրենց տարբերակն էլ ու գնահատական տան, թե որն են ուզում», - ասաց Շեխլյանը։

Դեռ 2013 թվականին կառավարության հաստատած մաստեր պլանի համաձայն՝ հին շենքի էստակադան և աշտարակը եզերող շրջանը ենթակա են քանդման։ Նպատակն է՝ կրկնապատկել օդանավերի կայանատեղերը՝ 5-ից 10-ի հասցնելով։

1982 թվականին շահագործման հանձնված կառույցի համահեղինակն այլընտրանք է առաջարկում. հին ու նոր շենքերն իրար կապելու միջոցով հնարավոր է գործարկել օղակը, ընդ որում՝ ավելի քիչ ֆինանսական միջոցներով ապահովել ավելի շատ կայանատեղ։ «Էս կտորը մի հատ էլ պիտի կառուցի, որի համար ինքը պետք է ներդրում անի 101 միլիոն։ Իսկ սա սեյսմիկ ուժեղացնելու համար պետք է ընդամենը 10-ից 15 միլիոն դոլար», - ասաց ճարտարապետը։

Նախկինում էստակադայի քանդմանը դեմ ճարտարապետն այսօր փոխել է կարծիքը։ Իր առաջարկած նախագծի հաստատման դեպքում, Շեխլյանը կարծում է, որ էստակադան ավելորդ է դառնալու։ «Եթե այս օղակը պետք է աշխատի էս նոր շենքի հետ, որպես օդանավակայան, էստակադան պահելն անիմաստ է», - ասաց ճարտարապետը։

Սեփական նախագիծը Շեխլյանը համեմատում է կոնցեսիոների անելիքի հետ։ Առաջարկում է 15 կայանատեղ՝ 10-ի փոխարեն, ու օգտագործում ավելի քիչ տարածք։ Ծախսում է 10 անգամ քիչ փող, 4 անգամ ավելի արագ ավարտում հին շենքի նորացված տարբերակը։ 4 միլիոնի փոխարեն թարմացված «Զվարթնոց»-ը պատրաստ է լինելու 6 միլիոն ուղևոր սպասարկելու։

«Օդանավակայանը դա ոչ թե ճարտարապետություն է, դա գործարան է, ճիշտ պետք է աշխատի։ Չպետք է այնպես անես, որ ուղևորը շփոթվի՝ աջ գնա, ձախ գնա, հետո սկսի ման գալ, հարցուփորձ անել։ Այն պետք է շատ պարզ լինի», - ասաց Շեխլյանը։

Ճարտարապետը հանդիպել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ։ Ներկայացրել է ծրագիրը, այժմ սպասում է կառավարության արձագանքին։ «Նրանք տեսան, հավանություն տվեցին, բայց հավանությունը քիչ է, պետք է կառավարական մակարդակով այդ հարցերը լուծվի, կարող է կոնցեսիոները համաձայն չէ, ինքն իր պլաններն ունի», - ասաց Ժորժ Շեխլյանը։

Եթե նախագիծը հավանության արժանանա, «Զվարթնոց»-ի չորս համահեղինակներից միակ ողջ մնացած ճարտարապետը պատրաստվում է մնալ Հայաստանում ու գործի անցնել։

XS
SM
MD
LG