Մատչելիության հղումներ

«ՍԴ-ն հակասահմանադրական է համարում ցուցակների հրապարակումը»


ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 9-ը մարտի, 2016թ․

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 9-ը մարտի, 2016թ․

Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է՝ նախագիծը դոգմա չէ, պատրաստ են լսել ու քննարկել եղած առաջարկները:

«Ազատություն»․ - Լրատվական դաշտում, նաև քաղհասարակության շրջանակներում, Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված խիստ մտահոգություններ են հնչում, որ սրանով, ըստ էության, բազմաթիվ սահմանափակումներ են ի հայտ եկել: Օրինակներից մեկը ընտրատեղամասում ԶԼՄ-ների և դիտորդների ընդամենը 8 ներկայացուցչի ներկայությունն է: Ինչո՞ւ է իշխանությունը նման սահմանափակումների գնացել, ինչի՞ց է փորձում պաշտպանվել:

Շարմազանով․ - Պաշտպանվելու խնդիր չկա, իշխանության խնդիրը նախ և առաջ այնպիսի Ընտրական օրենսգիրք ունենալն է, որը հանրության շրջանում կբարձրացնի ընտրական պրոցեսների և ընտրության արդյունքների վստահելիության մակարդակը: Բնականաբար, չի կարող սահմանափակում չլինել, որովհետև մենք ունենք բազում լրատվամիջոցներ, միգուցե՝ 100-ից ավելի, և ֆիզիկապես ես անհնար եմ համարում 100-ի, նույնիսկ 50-ի կամ 60-ի ներկայությունը: Ինչու է ընտրվել 8-ը՝ դա քննարկելի հարց է, կարող ենք քննարկել: Ես այսօր էլ նշեցի, որ չկա մի հարց, որ մենք պատրաստ չլինենք քննարկել: Չկա մի հարց, որը մենք պատրաստ չենք լսել: Ինչ վերաբերում է դժգոհությանը, ապա քննարկումները նոր են սկսվելու, Ազգային ժողովում մենք կազմակերպելու ենք լսումներ, և հանրության ձայնը, ընդդիմության ձայնը լսելի է լինելու: Եվ մենք պատրաստ ենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ, մեր հանրության ներկայացուցիչների հետ կետ առ կետ քննարկել բոլոր խնդիրները: Այնպես չի, որ էն, ինչ գրված է, դա դոգմա է, որովհետև սա օրենսգրքի հենքն է ընդամենը: Այսինքն՝ այնպես չի, որ 8-ը չի կարող դառնալ 6 կամ 10:

«Ազատություն»․ - Դուք ասում եք, որ լրատվամիջոցները շատացել են, բայց մենք անցած տարի ունեցել ենք ընտրական գործընթաց, սահմանադրական հանրաքվեն, և այն ժամանակ որևէ սահմանափակում չկար, դրա հետ կապված որևէ խնդիր ի հայտ չեկավ: Տեսակետներ են հնչում, որ իշխող Հանրապետականը հասկացավ՝ լրատվամիջոցները կարողանում են ամեն ինչ վերահսկել, տեսանկարահանվում են խախտումները, լցոնումները, կաշառքի դեպքերը, և այժմ դուք հենց դա եք փորձում կանխել:

Շարմազանով․ - Համամիտ չեմ, որովհետև Ընտրական օրենսգրքի նպատակը գործնականում վերացնելն է այն բոլոր հնարավորությունները, որոնք կարող են լինել լցոնումների կամ կրկնաքվեարկությունների համար: Եթե մենք ընդունենք այս Ընտարական օրենսգիրքը, հավատացած եմ, որ լրատվամիջոցների ավելի ակտիվ աշխատանքի անհրաժեշտություն չի լինի: Մեր նպատակն է՝ ունենալ հնարավորինս ավելի բարձր վստահության մակարդակ ունեցող օրենսգիրք:

«Ազատություն»․ - Եթե իշխանությունն իսկապես այդքան շատ է ուզում ընտրական գործընթացների նկատմամբ բարձրացնել վստահության մակարդակը, կանխել հնարավոր խախտումներն ու ընտրակեղծիքները, ուրեմն ինչո՞ւ չընդունել քաղաքացիական հասարակության, ընդդիմության ներկայացրած առաջարկները: Ի վերջո՝ կարելի է հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները և դրանով վերջ դնել բոլոր խոսակցություններին: Կամ՝ տեսախցիկներ տեղադրել, որպեսզի տեսանկարահանվի ողջ գործընթացը, և դրանով բարձրացնել վստահությունը:

Շարմազանով․ - Իսկ ո՞վ է ասում, որ մենք պատրաստ չենք լսել հանրության կամ ընդդիմության առաջարկները: Ես նման բան ասացի՞: Ես հիմա կրկնում եմ «Ազատության» եթերում՝ մենք պատրաստ ենք լսելու բոլոր առաջարկները:

«Ազատություն»․ - Լսելը մի բան է, ընդունելը՝ բոլորովին այլ բան:

Շարմազանով․ - Ընդունելը կլինի քննարկումների արդյունքում: Ինչ վերաբերում է ընտրացուցակներին, Հայաստանում և որևէ երկրում որևէ իշխանություն իրավունք չունի խախտել Սահմանադրական դատարանի վճիռը: Կա Սահմանադրական դատարանի վճիռ, և մենք պարտավոր ենք դա իրականացնել: Ես ձեզ ասում եմ՝ եթե դա հակասահմանադրական չէ, կնստենք կքննարկենք:

«Ազատության» ․- Այդ որոշմամբ արգելվու՞մ է նշված ցուցակների հրապարակումը:

Շարմազանով․- Այո, արգելվում է: Չեմ կարող ասել՝ երբ է եղել այդ որոշումը, օրով, ժամով չեմ հիշում: Եվ ձեզ էլ կխնդրեմ արդեն այսօր նոր Ընտրական օրենսգրքի նախնական տարբերակի վրա ստվեր չգցել: Եվ երկրորդը՝ խնդրում եմ ձեզ՝ այլևս ձեր ռեպորտաժներում, ինձ ուղղված ձեր հարցերում մի նշեք, որ մենք մերժում ենք: Մենք ոչ մի բան չենք մերժում: Էն, ինչ որ իրավական առումով թույլատրելի է, մենք պատրաստ ենք քննարկել:

«Ազատություն»․ - Դուք խոսում եք վստահության մասին, խոստումներ եք տալիս, բայց հանրությունը կոնկրետ քայլեր է ցանկանում տեսնել, կոնկրետ ապացույցներ է ուզում տեսնել: Մինչդեռ, հրապարակված նախագիծը արդեն իսկ մտահոգում է հանրությանը: Մի քանի օրինակ նշվեց, հավելեմ ևս մեկը՝ որ տեղական դիտորդներին նույնպես պետք է հրավեր ուղարկվի, որպեսզի նրանք կարողանան դիտորդական առաքելություն իրականացնել: Մի բան, որ չկա գործող օրենսգրքում:

Շարմազանով․ - Դեռ քննարկումներ չեն եղել հրապարակային, դեռ Ազգային ժողովում լսումներ չեն եղել։ Այդ նույն մարդիկ կգան, կքննարկենք, մենք հրապարակ կտանք, ամբիոն կտանք իրենց, որ խոսեն: Բնականաբար, մենք միայնակ չենք ընդունելու, մենք ընդունելու ենք քաղաքական ուժերի հետ միասին՝ լսելով հանրության ձայնը:

XS
SM
MD
LG