Մատչելիության հղումներ

Նադեժդա Սավչենկոյի վերջին խոսքը. «Խաղադրույքները մեծ են»


Ռուսաստան - Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն դատարանի դահլիճում, Դոնեցկ, Ռոստովի մարզ, 9-ը մարտի, 2016թ․

Ռուսաստան - Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն դատարանի դահլիճում, Դոնեցկ, Ռոստովի մարզ, 9-ը մարտի, 2016թ․

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն, այսօր վերջին խոսքով հանդես գալով Ռուսաստանի Ռոստովի մարզի Դոնեցկի դատարանում, զգուշացրել է, որ եթե դատավճիռը հրապարակվի ավելի քան մեկ շաբաթ անց, կշարունակի չոր հացադուլը: Դատավորը հայտարարել է, որ դատավճիռը կհրապարակվի 12 օրից՝ մարտի 21-ին:

​Երկու ռուս լրագրողի սպանության մեջ մեղադրվող, սակայն մեղադրանքը կտրականապես հերքող Նադեժդա Սավչենկոն, որը մարտի 3-ից չոր հացադուլ է հայտարարել, այսօր հանդես եկավ վերջին խոսքով:

«Դատարանն ինձնից գողացել է մեկ շաբաթվա կյանք, և հիմա դուք միայն մեկ շաբաթ ունեք որոշում կայացնելու համար: Եվ հնարավոր է՝ ես մինչև այդ որոշումը ողջ կմնամ: Դուք կարող եք գեղեցիկ բան անել և խոստովանել ձեր սխալը, բայց ձեր մեղքը, իհարկե, չեք ընդունի: Դուք կարող եք դատավճիռը կարդալ հենց հիմա, կամ վաղը, կամ ամենաուշը մեկ շաբաթից: Եթե դուք ուզում եք հայտարարել, որ դատավճիռը կլինի մեկ շաբաթից, կամ ապրիլի վերջին, կամ կես տարուց․․․ Ուզում եք ցույց տալ ձեր ուժը՝ ցույց տվեք: Բայց հիշեք, որ մենք խաղում ենք այս կյանքի վրա, խաղադրույքները մեծ են, և ես այդ դեպքում կորցնելու բան չունեմ: Ես պատրաստ եմ չոր հացադուլին, եթե դատավճիռը հրապարակվի ավելի ուշ, քան մեկ շաբաթը: Ես ամեն ինչ ասել եմ, ես դատավճռին չեմ սպասի», - դատարանին այս խոսքերով է դիմել ուկրաինացի օդաչուն:

Սավչենկոյի խոսքից հետո ռուսական դատարանում հնչել է ուկրաինական օրհներգը:

Նադեժդա Սավչենկոյի փաստաբան Մարկ Ֆեյգինը դատական նիստից հետո լրագրողներին ասել է, որ ռուսական իշխանությունների միակ խելամիտ քայլը կլիներ արդարացման դատավճռով Սավչենկոյին ազատելը կամ նրան ուղարկելը Ուկրաինա՝ «պատիժը կրելու»: Փաստաբան Նիկոլայ Պոլոզովի խոսքով՝ հնարավոր է, որ Սավչենկոն դադարեցնի հացադուլը, եթե նա իմանա, թե ինչ է իրեն սպասում:

Սավչենկոյի դատավարությանը շտապող СТБ հեռուստաընկերության լրագրողներին, իսկ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում՝ ուկրաինացի երկու պատգամավորի, թույլ չեն տվել տեղ հասնել:

Կարգադրիչները ներս են թողել միայն Առաջին ալիքի, "Россия" և "Звезда" հեռուստաընկերությունների լրագրողներին, մյուսերը ստիպված են եղել Սավչենկոյի վերջին խոսքին հետևել դատարանի տարածքում տեղադրված էկրանի միջոցով:

Բացի Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան մոտ հարյուրավոր մարդկանց նախաձեռնած ակցիայից, Մոսկվայում շարունակվող ցույցից, մի շարք այլ երկրներում ևս շարունակվում են բողոքի գործողությունները՝ Սավչենկոյին անհապաղ ազատ արձակելու պահանջով:

Եվրոպական խորհրդարանի անդամները Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին կոչ են արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ևս 28 պաշտոնյայի նկատմամբ սահմանել անձնական պատժամիջոցներ ՝ Նադեժդա Սավչենկոյի նկատմամբ «ապօրինի» վերաբերմունքի պատճառով: 57 պատգամավոր հորդորել է այդ պաշտոնյաներին չտրամադրել վիզաներ՝ Եվրամիություն մուտք գործելու համար, սառեցնել նրանց հաշիվները և առգրավել Եվրամիության տարածքում գտնվող նրանց ամբողջ ունեցվածքը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ևս Ռուսաստանի իշխանություններին հորդորել էր ազատել Սավչենկոյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG