Մատչելիության հղումներ

«Ընդերքը վերահսկում են օֆշորային ընկերությունները»


Հրանտ Բագրատյան, արխիվ
Հրանտ Բագրատյան, արխիվ

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզմամբ, ոլորտն անվերահսկելի է, քանի որ «ողջ ղեկավարությունը թաղված է հանքարդյունաբերության մեջ»:

Հայաստանի հանքարդյունաբերությունը գտնվում է օֆշորային ընկերությունների փաստացի վերահսկողության ներքո, ինչի հետևանքով պետբյուջե չեն մտնում հսկայական գումարներ: «Ազատության» հետ զրույցում նան համոզմունք հայտնեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ այս վիճակը չի շտկվում, քանի որ Հայաստանի ղեկավարությունն անմիջականորեն այդ բիզնեսների հետևում է կանգնած:

Անդրադառնալով անցած տարի Հայաստանում գրանցված տնտեսական աճին (Համաշխարհային բանկի գնահատականով՝ 3 տոկոս), Բագրատյանն ասաց՝ պատճառն ընդամենը ավելի շատ հանքանյութ վաճառելն է: «Պետությունը հնարավորություն ունի ավելի շատ արդյունահանելու միջոցով աճ ապահովել, բայց 2015-ին հանքարդյունաբերության նման շեշտակի աճը, (68 տոկոս, համարյա թե կրկնապատկել են) բերում է այդ ճյուղի տեսակարար կշռի ավելացմանը տնտեսություն մեջ: Դա իր հերթին բերում է միջին եկամուտների պրոբլեմ, որովհետև հանքերից մենք փող չենք ստանում: Մանավանդ որ պղնձի գները ցածր են: Բացի դա, բոլոր այդ հանքանյութերի զգալի մասը, եթե չասեմ՝ համարյա 100 տոկոսը, օֆշորների միջոցով է վաճառվում, իրական գինը ոչ ոքի հայտնի չէ, սա արդեն ստեղծում է պրոբլեմ: Եվ մենք տեսնում ենք, որ լուրջ խնդիրներ ունենք բյուջեում»,- ասում է նախկին վարչապետը:

Բագրատյանը պարզաբանում է՝ անգամ փորձել են համապատասխան օրինագիծ անցկացնել եղած վիճակը շտկելու համար, պետությունը չի համաձայնել: «Չընդունեցին, ասացին՝ կլինի օրենք՝ տրանսֆերտային գնագոյացման մասին: Այդ օրենքը մինչև հիմա չկա, արդեն 3 տարի: Պղինձը արտահանվում է, ասենք՝ տոննան 2000 դոլարով, իրականում ինքը վաճառվել է 4.5 հազար դոլարով: Պետությունը բոլոր տեսակի հարկերը, շահույթ, ռոյալթի և այլն, հաշվում է 2000 դոլարից: Իսկ օֆշորից հետո ինքը վաճառում է 4 հազար կամ 4.5 հազար: Այսինքն՝ էդ 2.5 հազարն անցնում է ընկերության արտասահմանյան հաշիվներին, չի հարկվում: Հայաստանի ամբողջ ղեկավարությունը թաղված է հանքարդյունաբերության մեջ, փայատեր են, բան են: Դրա համար ենք ասում, որ երկրի վիճակը վատ է»:

Ըստ Հրանտ Բագրատյանի, խորհրդային տարիներին Հայաստանում տարեկան առավելագույնը արդյունահանվել է մոտ 8 միլիոն տոննա հանքանյութ: Ներկայումս այդ թիվը հասնում է մինչև 30 միլիոն տոննայի: «Պարզապես էքսկավատորները վերցրել են ու հարձակվել բնության վրա: Էն, ինչ կատարվում է նույն Թեղուտում, պարզապես աննկարագրելի է: Հիշո՞ւմ եք էն միտինգները, ցույցերը, հիմա գնացեք չափեք՝ իրականում քանի ծառ է հատվել: Մեզ ասում են՝ դրա փոխարեն աշխատատեղ է ստեղծվել: Աշխատատեղերի վրա կատարած ծախսը, աշխատավարձի ծախսն ամբողջ պրոյեկտում 3-ից 5 տոկոս է, ավել չի: Մենք էսպես չենք կարող զարգանալ»,- տագնապ է հնչեցնում Բագրատյանը:

Նախկին վարչապետն ահազանգում է՝ Հայաստանի տնտեսությունն առանց իրական բարեփոխումների անհնար է զարգացնել: Մինչդեռ, սոսկ ցուցանիշներ ապահովելու համար, իշխանությունները նախընտրում են փորել ու փորել ընդերքը: «Մենք հիմա հանքարդյունաբերության ասեղի վրա ավելի շատ ենք նստած, քան Ադրբեջանը՝ նավթային ասեղի, որովհետև 2015-ին Ադրբեջանը ոչ նավթային արտադրության մեջ ունեցել է 9 տոկոս աճ, մենք ոչ հանքային արտադրության մեջ ունեցել ենք 4 տոկոս անկում, Ադրբեջանն առաջադիմում է, փոխվում է»,- փաստարկում է Բագրատյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG