Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյան․ Հայաստանի կամ միջնորդների պատճառով չէ, որ ԼՂ խնդիրը դեռ կարգավորված չէ


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Վաղը աշխատանքային այցով Մոսկվա է ժամանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանի մայրաքաղաքում նա հանդիպելու է իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, և սա երկու երկրների ղեկավարների այս տարվա առաջին հանդիպումն է լինելու:

Այցի նախօրեին ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը հրապարակել է հարցազրույց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հարցազրույցում Նալբանդյանը նախ հայտարարել է, որ պաշտոնական Երևանը աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին, և որ խաղաղ կարգավորմանը այլընտրանք ղարաբաղյան խնդիրը չունի: Նա ընդգծել է, որ հակամարտության մյուս կողմը՝ Ադրբեջանը, այլ կարծիք ունի, և Հայաստանի կամ միջնորդների պատճառով չէ, որ ղարաբաղյան խնդիրը դեռ կարգավորված չէ:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հիմք ընդունելով առաջարկված սկզբունքները՝ պատրաստ ենք գնալ կարգավորմանը, իսկ Ադրբեջանը քննադատում է այդ նույն սկզբունքները և համանախագահներին, Բաքուն նույնիսկ նրանց՝ համանախագահներին մեղադրում է իսլամաֆոբիայի մեջ, հայտարարում է, որ իմաստ չկա համանախագահների հետ հանդիպելու, քանի որ վերջիններս ճնշում չեն գործադրում Երևանի վրա», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Ուշագրավ է, որ «Կոմերսանտ»-ի լրագրողը հարցրել է, թե ինչպես է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերաբերվում Ռուսաստանի արտգործնախարարության այն հայտարարությանը, որ Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարումն ուղղված է հավասարակշռությունն ապահովելուն:

«Մենք չենք կարող ուրախանալ, որ Ադրբեջանը նոր զենք է գնում և գրեթե ամեն օր սպառնում մեզ պատերազմով: Եվ մեզ չի կարող դուր գալ, որ Բաքուն այդ զենքը գնում է մեր դաշնակցից, որը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանի հետ համագործակցելու համար, այդ թվում նաև՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում», - պատասխանել է Նալբանդյանը:

Հարցազրույցում անդրադարձ է եղել նաև Թուրքիային: Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է բոլորովին վերջերս Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի արած հայտարարությունն այն մասին, որ քրդերը Սիրիայում այսօր համագործակցում են Ռուսաստանի հետ ճիշտ այնպես, ինչպես 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի հետ համագործակցել են հայկական խմբավորումները:

«Նման հայտարարությունը շատ լուրջ ազդանշան է միջազգային հանրությանը՝ այն իմաստով, թե ինչ կարող է պատահել քրդերի հետ: Ժամանակին հայերի ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից մեկը՝ Թալեաթ փաշան, նույնպես Ռուսաստանին մեղադրում էր հայերին զինելու և սադրելու մեջ: Ակնհայտ է, որ 100 տարվա ընթացքում Թուրքիայի իշխանությունները շատ չեն փոխվել, և եթե Թուրքիան իսկապես ուզում է, որ ղարաբաղյան խնդիրը կարգավորվի, պետք է հնարավորինս հեռու մնա կարգավորման գործընթացից», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Սիրիահայերի խնդրի առնչությամբ նախարարը շեշտել է՝ Հայաստանի պես փոքր երկրի համար 20 հազար փախստականների ընդունելը հեշտ չէ, և Երևանը ակնկալում է այս հարցում Եվրամիության աջակցությունը: Նա հավելել է, որ Բրյուսելը համաձայնել է քննարկել սոցիալական հատուկ հիմնադրամից Հայաստանին ֆինանսական միջոցներ տրամադրելու հարցը:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Բրյուսել-Երևան համագործակցության համատեքստում Ռուսաստանը անհանգստանալու առիթ ունի, Նալբանդյանը արձագանքել է, որ չի կարծում, թե Հայաստանի հետ կապված՝ Ռուսաստանը անհանգստանալու առիթ երբևէ ունեցել է, ունի կամ ապագայում կունենա:

Հայաստանը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ՝ սրանով, ըստ Էդվարդ Նալբանդյանի, ամեն ինչ ասված է:

«Հայաստանը միշտ ասել է, որ ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, երբ մեզ դա առաջարկել են, մենք համաձայնել ենք», - նաև հայտարարել է արտգործնախարարը:

Նշենք նաև, որ ռուսաստանյան այս հեղինակավոր պարբերականը վերջին ամիսներին բավականին հաճախ է անդրադառնում ղարաբաղյան հարցին:

XS
SM
MD
LG