Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ-ն հայտնում է դիվերսիոն ներթափանցման փորձ կասեցնելու մասին


ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ
ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ-ի առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և ետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը, ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում Պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել: ՊԲ-ի համապատասխան ծառայությունների տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

Մարտի 7-ին և 8-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12 հազար կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են համարժեք գործողությունների:

«Բացի վերոնշյալ ապակառուցողական քայլերից, ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները մարտի 8-ին տեղեկատվություն էին տարածել, թե իբր Չայլու գյուղի ուղղությամբ հայկական ուժերը կրակ են բացել հովիվների ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ նշվածը ապատեղեկատվություն է և, ի տարբերություն ադրբեջանական կողմի, հայկական ուժերը երբեք քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակ չեն վարում», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հերքել է դիվերսիայի փորձի և ադրբեջանական կողմի կորուստների մասին հաղորդումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG