Մատչելիության հղումներ

Հալեպահայերը հույս ունեն, որ հրադադարի հաստատումից հետո համայնքը կվերականգնվի


Պատերազմի հետևանքով ավերված հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին Հալեպում, արխիվ

Պատերազմի հետևանքով ավերված հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին Հալեպում, արխիվ

Սիրիահայ համայնքում անհամբերությամբ են սպասում խաղաղության հաստատմանը, ուշադիր հետևում են հրադադարի համաձայնությունից հետո տեղի ունեցող իրադարձություններին:

Օրերս Հալեպից Հայաստան եկած Րաֆֆի Ավետիսյանն ասում է՝ համայնքում հույս ունեն, որ հրադադարը վերջնական խաղաղության սկիզբ կդառնա, և անցած 5 տարիներին պատերազմի պատճառով մեծ կորուստներ կրած հալեպահայ համայնքն աստիճանաբար կվերականգնվի։

«Հուսով ենք, որ երկար կտևի։ Բայց մինչև այն ատեն, որ խմբավորումները այդքան շերտավորված են, և անոնց պատասխանատուներ մի քանի կողմեր են, այդ հրադադարը կրնա որևէ մեկ վայրկյան փուլ գալ», - ասում է նա:

Հալեպը արտաքին աշխարհի հետ կապող միակ՝ Խանասերի ճանապարհը մինչև վերջերս գտնվում էր զինյալների վերահսկողության տակ։ Հրադադարի հաստատումից հետո ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհով անցնելը դեռևս վտանգավոր է: Րաֆֆին, ով ստիպված է եղել անցնել այդ ճանապարհով, ասում է՝ ճանապարհին զինյալները վնասել էին ավտոմեքենաներից մեկը, մեկ ուղևոր էլ մահացել էր:

Պատերազմի տարիներին Րաֆֆին ընկերների հետ միասին զբաղված է հալեպահայության օգնության մարմնում բարեգործական աշխատանքներով՝ աջակցություն են ցուցաբերում կարիքի մեջ հայտնված ընտանիքներին։

«Ինչ որ ըլլա, տակավին Հալեպ կմնա շնչող գաղութ, և՛ մեզի համար, և՛ համայն հայության համար մայր գաղութ կհամարվի, որովհետև տակավին, ես երբ Հալեպից դուրս եկա, արդեն ելույթներ կար, ձեռնարկներ կար, և ժողովուրդը կփորձեր պայքարել այդ դժվարություններու դեմ, և համայնքային բոլոր ձեռնարկները առկա են: Անշուշտ որոշ թվի, որակի նվազումով, բայց փառք Աստծո, ամեն ինչ իր ընթացքին է, և մենք կկարծենք՝ այս գաղութն իր ամեն դժվարություններով կվերականգնվի, և շուտով ընթացք կառնե առաջվա Հալեպը», - ասում է հալեպահայը:

Րաֆֆին ասում է, որ հրադադարի հաստատումից հետո Հալեպում վերականգնվել է ջրամատակարարումը, մի քանի օր նաև հոսանք է եղել, բայց այսօր քաղաքը նորից խավարի մեջ է ընկղմվել։ Էլեկտրակայանը պարբերաբար ենթարկվում է զինյալների գրոհին:

Սիրիական պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 100 հայ։ Տարբեր տվյալներով, պատերազմի պատճառով այդ երկրից դուրս է եկել հայության 70 տոկոսը։ Րաֆֆին ու շատ այլ սիրիահայեր կարծում են, որ Թուրքիան իր դերակատարությունն է ունեցել այս հարցում։

«Այս ամենուն հետ մեկտեղ, մենք իբր հայ՝ վստահ ենք, որ թրքական գործոնը շատ մեծ դերակատարություն ունեցած է հատկապես հայերը Հալեպեն դուրս հանելու կամ մղելու հարցում: Հալեպը ինչ-որ իրենց պատմական հողերը տեսնելու այդ իրենց հեռանկարը կամ երազներու կողքին հայերը ցավցնելու հստակ ծրագիր և այդ ծրագիրը գործադրելու տվյալներ կան», - ասում է նա:

Հալեպում բնակվող Մայդա Բակկալյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում փոխանցեց իր ուրախությունը՝ պատերազմից ի վեր առաջին անգամ խաղաղություն է փողոցներում, սակայն այսօր կրկին զրկվեցին խմելու ջրից և հոսանքից։

«Երանի-երանի այս դադարով մնանք», - ասում է Բակկալյանը:

Սիրիահայերը դեռ հավատում են՝ պատերազմի պատճառով նոսրացած համայնքը խաղաղության հաստատման պարագայում կրկին կվերամիավորվի։

«Համայնքի 1/3-ը տակավին Հալեպի մեջ է։ Եվ մեր ուրախությունը կամ լավը նա է, որ մեծ մասը Լիբանան ու Հայաստան է․ այդ մեկը մեզ հույս կներշնչե, որ անոնք կարող են օր մը վերադառնալ», - ասում է Րաֆֆի Ավետիսյանը:

XS
SM
MD
LG