Մատչելիության հղումներ

Կանանց իրավունքները Հայաստանում «ամենևին էլ պաշտպանված չեն»


Կանանց իրավունքների պաշտպանության կոչերով երթ Երևանում
Կանանց իրավունքների պաշտպանության կոչերով երթ Երևանում

Մարտի 8-ը ոչ թե կանանց ծաղիկ նվիրելու, այլ նրանց իրավունքների պաշտպանության մասին բարձրաձայնելու օրն է․ այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ նման կոչերով երթ անցկացրեցին մայրաքաղաքի կենտրոնում:

Իրավապաշտպան Նվարդ Մարգարյանն ասում է՝ չնայած կնոջը մեծարելու ավանդույթին՝ կանանց իրավունքները Հայաստանում ամենևին էլ պաշտպանված չեն, նրանք խտրականության են ենթարկվում գրեթե բոլոր ոլորտներում:

Նվարդ Մարգարյան
Նվարդ Մարգարյան

«Ոմանք պնդում են, որ կանանց իրավունքները ընդհանրապես չեն ոտնահարվում, հայերը կնամեծար ազգ են: Մյուս կողմից էլ՝ մենք ականատես ենք լինում, օրինակ, աշխատանքային խտրականության, տնտեսական խտրականության: Հետո՝ խտրականություն ընտանիքում, ընտանեկան բռնություն, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներ», - մեկնաբանում է իրավապաշտպանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետազոտության համաձայն՝ Հայաստանում կանայք միջինում 35.9 տոկոսով ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ: Կանայք հիմնականում զբաղված են ցածր վարձատրվող ոլորտներում: Ըստ նույն հետազոտության՝ պետական կառավարման հատվածում կանայք գերակշռում են, սակայն մեծապես ստորին, որոշումների կայացմանը չառնչվող օղակներում:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է կանանց տոնի առթիվ, ասելով՝ այժմ մեր երկրում կանայք շատ ավելի մեծ դեր ունեն, քան ունեցել են երբևէ:

«Սահմանադրական բարեփոխումների գործընթացն այս միտումն ավելի է խորացնելու ժամանակի ընթացքում, ինչի հիմքերն արդեն իսկ դրված են: Կանանց ավելացող դերակատարությունը Հայաստանում իր հերթին շարունակաբար ամրացնելու է խաղաղ համակեցության, արդար աշխատանքի և ստեղծարարության այն ուղղորդիչները, որոնք մենք իսկապես առաջնային ենք համարում», - հայտարարել է երկրի նախագահն իր ուղերձում:

Կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ Լարա Ահարոնյանն այս գնահատականին համաձայն չէ:

Լարա Ահարոնան
Լարա Ահարոնան

«Ընդհանրապես այս օրը վերածում են իրենց լավ զգալու օրվա, այսինքն՝ ասեն, որ՝ մենք հարգում ենք կանանց, կնամեծար ենք, մեր քույրերը, մեր մայրերը․․․ բայց իրականում դրանք դատարկ խոսքեր են, որովհետև հստակ քայլեր չեն նախաձեռնվում», - ասում է Ահարոնյանը:

Հայաստանում 19 նախարարներից միայն երեքն են կին, 131 պատգամավորից՝ միայն 13-ը, կին մարզպետ կամ քաղաքապետ ընդհանրապես չկա: Ըստ իրավապաշտպանների՝ տարեկան մինչև 2000 բռնության դեպքի մասին ահազանգ են ստանում, ընտանեկան բռնության հետևանքով տարեկան սպանվում է մոտ տասը կին:

Ոստիկանությունը 2015-ին գրանցել է ընտանեկան բռնության 784 դեպք, բռնարարի դեմ քրեական գործ հարուցվել է 150-ի դեպքում: Իրավապաշտպան Էդուարդ Դանիելյանը հիշեցնում է՝ վերջերս կնոջը տարիներ շարունակ ծեծի ենթարկած մի տղամարդ դատապարտվեց միայն փոքր տուգանքի:

«11 տարի ծեծելուց հետո 50,000 դրամի տուգանք ստացավ ընդամենը և բացատրեց, որ հաց չէր դրել, դրա համար ծեծել էր», - ասում է Դանիելյանը:

Կանանց իրավունքների պաշտպանության կոչերով երթ Երևանում
Կանանց իրավունքների պաշտպանության կոչերով երթ Երևանում

Լարա Ահարոնյանը հավելում է՝ սա հստակ ազդակ է Հայաստանի տղամարդկանց, որ կնոջը ծեծելու կամ սպանության փորձի համար՝ «շատ-շատ պիտի 50,000 դրամ տուգանվես կամ մի երկու-երեք տարի կնստես ու կազատվես»:

«Երբ այս հարցերին անդրադառնան քաղաքական գործիչները և իրենց առաջնահերթությունների մեջ դնեն, այն ժամանակ ես լուրջ կվերաբերվեմ այդ ելույթներին, որ ունենում են այս սիրուն օրվա հետ կապված», - հավելում է Ահարոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG