Մատչելիության հղումներ

Արիաննա Քաոիլի․ «Սիրում եմ իմ գործը, դրանով փորձում եմ ոգեշնչել երևանցիներին»


Ֆիլիպինուհի Արիաննա Քաոիլին հանուն սիրելի տղամարդու հրաժարվել է Օքսֆորդից, կիսատ թողել ասպիրանտուրան ու տեղափոխվել է Հայաստան։ Շախմատի առաջատարի՝ Լևոն Արոնյանի կողքին երջանիկ է, թեև ստիպված է հարմարվել նրա հաճախակի բացակայություններին։

«Անշուշտ, դժվար է ամեն օր նրան չտեսնելը, բայց միևնույն ժամանակ նա այնպիսին է, ինչպիսին որ կա։ Լևոնը հանճար է, հրաշալի մարդ, և ես նրան 100 տոկոսով աջակցում եմ։ Ես նրա հետ եմ, որովհետև նա Լևոնն է, ոչ թե որովհետև շախմատիստ է։ Ես սիրում եմ նրա անհատականությունն ու բնավորությունը։ Նա ուժեղ մարդ է՝ էությամբ սպորտսմեն։ Ահա թե ինչն է ինձ դուր գալիս», - ասում է նա:

Երկու տարվա մշտական բնակության ընթացքում սիրել է Հայաստանն ու Երևանում գործ ձեռնարկել։ Մեկ ամիս առաջ խմբագրություն է հիմնել։ 20 հազար օրինակով շաբաթաթերթ են հրատարակում ու անվճար տարածում հասարակական վայրերում։ «Ճամփորդ» են կոչել, քանի որ թերթի ընթերցողները հիմնականում ավտոբուսների, տրոլեյբուսի ու մետրոյի ուղևորներն են։

«Սիրում եմ իմ գործը, դրանով փորձում եմ ոգեշնչել երևանցիներին», - ասում է Արիաննան, - «Ես սիրում եմ Երևանը, ինձ դուր է գալիս այստեղ ապրելը։ Ես այս թերթն սկսեցի հրատարակել իմ սերը Երևանի հանդեպ արտահայտելու համար։ Դա ակնհայտ է։ Այստեղ ապրելն իր դժվարություններն ունի, իհարկե, բայց ընդհանուր առմամբ հրաշալի է»։

Ամեն շաբաթ 20 հազար օրինակ ստեղծելը հեշտ չէ երիտասարդ կնոջ համար. մեծ ծախսեր է պահանջում։ Սակայն «Ճամփորդն» անվճար է տարածում, որպեսզի հասանելի դարձնի բոլորին։ Ասում է՝ առայժմ քիչ գովազդատուներ ունի, որոնց միջոցով փակում է ծախսերի ընդամենը փոքր մասը։ Բայց աշխատում են այդ ուղղությամբ. «Կավելացնենք գովազդը՝ ոչ թե եկամուտ ստանալու, այլ պարզապես ծախսերը ծածկելու համար», - ասում է երիտասարդ խմբագիրը՝ հաջողված համարելով թերթ հրատարակելու և անվճար տարածելու իր փորձը, որը եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև Կովկասում։

«Ես ուզում եմ լուսաբանել այն խնդիրները, որոնք կստիպեն մարդկանց մտածել քաղաքի մասին, հպարտ զգալ Երևանում ապրելու համար և անշուշտ անդրադառնալ այն թեմաներին, որոնց մասին մարդիկ պետք է խոսեն։ Իհարկե, ամեն ինչ լավ չէ և կան բազմաթիվ արդիական խնդիրներ, որոնց մասին մարդիկ պետք է խոսեն», - նշում է նա:

«Ճամփորդի» կարճ՝ ընդամենը մեկ ամսվա կենսագրության ընթացքում բազմաթիվ դրական արձագանքներ են ստացել ու համոզվել՝ պետք է հնարավորություն ստեղծել՝ ավելացնելու թերթի տպաքանակն ու պարբերականությունը։

«Անգամ մի միջադեպ է եղել, երբ ավտոբուսում մարդիկ վիճել են. մի մարդ ցանկացել է վերցնել միանգամից թերթի 4 օրինակ, մեկ ուրիշն ասել է, ինչո՞ւ, դուք պետք է թողնեք նաև ուրիշների համար։ Մենք նաև մարդիկ ենք ունեցել, ովքեր եկել են ու ասել՝ դուք համոզվա՞ծ եք, որ 20 հազարը բավարար է, դուք համոզված ե՞ք, որ հաջորդ շաբաթ ինձ ևս թերթի մի օրինակ կհասնի», - պատմում է Արիաննան:

Նա արդեն ընտելացել է հայկական միջավայրին, բայց դեռ հայերեն չի խոսում։ Դժվար լեզու է համարում հայերենը, բայց իր համար մի հետաքրքիր բառ յուրացրել ու անգամ հաճախ կիրառում է։

«Դեռ հեռվից ինձ համար ճանաչելի են հայի «քյարթու» տեսակները», - ասում է ու նկարագրում. - «Սև հագուստ ու կոշիկներ են կրում։ Բայց կան մարդիկ, ովքեր հոգով են քյարթու՝ հարսանիքներին ռաբիզի տակ են պարում: Կամ՝ տաքսու վարորդների եմ տեսել՝ երկար եղունգով։ Իհարկե, կա քյարթուի տարբեր բնորոշում, բայց ընդհանուր գաղափարը ինձ դուր է գալիս։ Եվ ես կարծում եմ, որ ամեն ոք մի քիչ քյարթու է։ Ընտիր է։ Ես էլ եմ մի քիչ քյարթու», - հավելում է Արիաննան:

Բազմակի մրցանակակիր Լևոն Արոնյանի սիրելի կինը ևս շախմատիստ է։ Բայց այսօր ավելի քիչ է զբաղվում շախմատով։ Տնտեսագետի մասնագիտությամբ խմբագիրը միայն ազատ ժամանակն է տրամադրում սպորտին, այն էլ ոչ շախմատին։ Մարզասրահում բասկետբոլ ու բռնցքամարտ է պարապում։

«Պարզապես ինձ դուր են գալիս այս մարզաձևերը: Ես մարդկանց հետ կռվելու համար չեմ մարզվում, իմ առողջության համար եմ անում, չեմ կարծում, որ կանայք պետք է կռվեն, եթե, իհարկե, այդպես չեն կառուցված: Ես այդպիսին չեմ, ինձ համար ուղղակի հաճելի է մարզվելը, շատ լավ միջոց է առողջ լինելու համար, այդքանը, ոչ մի հատուկ բան», - բացատրում է նա:

Արիաննայի հայրը ֆիլիպինցի է, մայրը՝ հոլանդացի։ Խառն ամուսնությունից ծնված կինը, ով աշխարհի բազմաթիվ երկրներում է եղել, հայ կանանց է համարում ամենազգացմունքայինը․ - «Այո, հայ կանայք զարմանալի են։ Իսկապես հարգանքի է արժանի այն, ինչ հայ մայրերն անում են իրենց երեխաների համար։ Նրանք իրականում հզոր գործ են անում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG