Մատչելիության հղումներ

Թբիլիսիում իմամը դատապարտվել է «Իսլամական պետության» հետ կապերի համար


«Իսլամական պետության» դրոշը

«Իսլամական պետության» դրոշը

Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ 14 տարվա ազատազրկման է դատապարտել Պանկիսի կիրճի բնակիչ, 36-ամյա վրացի իմամ Այուֆ Բորչաշվիլիին: Դատարանն ապացուցված է համարել մեղադրանքը, համաձայն որի՝ հոգևորականը հավաքագրել է գրոհայինների՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մեջ ներգրավելու նպատակով: Դատարանը նաև ապացուցված է համարել ահաբեկչական խմբավորմանն իմամի անդամակցության մեղադրանքը:

Դատարանը նույն քրեական գործով անցնող Գիորգի Խութունիշվիլիին և Դավիթ Պիրիսեբիային մեղավոր է ճանաչել օտարերկրյա ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեջ, միևնույն ժամանակ արդարացրել է ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու հոդվածով:

Պիրիսեբիան դատապարտվել է 10, Խութունիշվիլին՝ 11 տարվա ազատազրկման: Նրանք, ի տարբերություն իմամի, իրենց մեղավոր չեն ճանաչել: Գործով անցնող ևս մեկ ամբաստանյալ՝ Գիորգի Կուպրավան, ով խոստովանել է մեղքը, դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, որից հետո նրա նկատմամբ պետք է կիրառվի 5 տարվա պայմանական ազատազրկում:

Այս քրեական գործը հետաքրքրություն էր առաջացրել հատկապես իմամի ներգրավվածության պատճառով: Այուֆ Բորչաշվիլին ձերբակալվել է անցյալ տարվա հունիսին: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Բորչաշվիլին հանդիսանում է «Իսլամական պետության» ներկայացուցիչը Վրաստանում: Նա, ըստ պաշտոնական պնդումների, հավաքագրել և Սիրիա է ուղարկել գրոհայինների:

Քրեական գործի նյութերի համաձայն, Բորչաշվիլին, կրոնական գրականություն, համացանցում առկա նյութեր տարածելով՝ հավաքագրել է Պանկիսի կիրճի բնակիչներին, այդ թվում՝ մեկ անչափահասի:

Մեղադրող կողմը դատարանին ներկայացրել է փաստեր, ըստ որոնց, Բորչաշվիլին հավաքագրած անձանց Վրաստանից ուղարկել է Ստամբուլ, որտեղից նրանք տեղափոխվել են Սիրիա:

Ամբաստանյալի աթոռին հայտնված ևս 3 անձ, որոնց նույնպես, ըստ մեղադրանքի, հավաքագրել էր իմամը, փորձել են հունիսի 14-ին գնալ Սիրիա, սակայն դա նրանց չի հաջողվել իրավապահների ձեռնարկած քայլերի շնորհիվ:

Այս գործով դատավարությունն անցել է առավելապես բաց դատական նիստերով, հարցաքննվել է 37 վկա:

Մեղադրող կողմը դատավճռի հրապարակումից հետո դժգոհել է Գիորգի Խութունիշվիլիին և Դավիթ Պիրիսեբիային մասնակիորեն արդարացնելու որոշումից՝ պնդելով, որ նրանց մեղադրանքը հիմնավորվել է ոչ միայն վկաների հարցաքննությամբ, այլև՝ տեսանյութերով և հեռախոսային խոսակցությունների վերծանումներով:

Մինչդեռ, իմամի, ևս 2 ամբաստանյալի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Գելա Նիկոլաիշվիլին ասել է, որ Սիրիա գրոհայիններ ուղարկելու վերաբերյալ դատարանում բավարար ապացույցներ չեն եղել: Ըստ փաստաբանի՝ իմամը չի հերքում Սիրիա մեկնելու վերաբերյալ տվյալները, բայց միևնույն ժամանակ կտրականապես հերքում է գրոհայիններին Սիրիա ուղարկելու մեղադրանքը: Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատավճիռը:

Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության տվյալներով, Սիրիայում ահաբեկչական խմբավորումների մեջ ներգրավվելուց հետո զոհվել է Վրաստանի 20 քաղաքացի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG