Մատչելիության հղումներ

Միգրանտների հարցով համաձայնությունը կստորագրվի մարտի 17-ին


Փախստականները փորձում են տեղավորվել նավակում, Կուչուկկույու, Թուրքիա, 8 մարտի, 2016թ.

Փախստականները փորձում են տեղավորվել նավակում, Կուչուկկույու, Թուրքիա, 8 մարտի, 2016թ.

ՄԱԿ-ը քննադատում է ստորագրվելիք գործարքը։

Երեկ Բրյուսելում տեղի ունեցած արտահերթ գագաթնաժողովում Եվրոպական միությունը և Թուրքիան համաձայնեցրել են միգրանտների ճգնաժամը կարգավորելու պայմանագրի սկզբունքները։

Գործարքը կիրականացվի պարզ թվաբանական եղանակով` Թուրքիան հետ կընդունի մեկ ապօրինի միգրանտի՝ Եվրամիության կողմից մեկ փախստականի ապաստան տալու դիմաց։

«Ուրախ եմ, որ մենք ընդհանուր հայտարարի ենք եկել վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և հավելել. - «Դավութօղլուն հաստատել է, որ Թուրքիան հետ կվերցնի Հունաստան տեղափոխված այն մարդկանց, ովքեր չունեն միջազգային պաշտպանության կարիք։ Եվրամիությունը կաջակցի Հունաստանին նրանց արագ և մեծ խմբերով Թուրքիա վերադարձնելու հարցում»։

Թուրքիայի նախագահը բանակցություններին հետևել է Անկարայից: Երեկ նա, Կանանց միջազգային օրվա առիթով ուղերձով դիմելով հայրենակիցներին, խոսել է նաև միգրանտների հարցի մասին։

«Եվրոպացիները չեն ուզում միգրանտներ ընդունել, բայց մենք չենք միգրանտներին Եվրոպա ուղարկում։ Նրանք գալիս են ծովով, դժբախտաբար, շատերը ճանապարհին զոհվում են: Մենք փրկել ենք մոտ 100 հազար մարդու՝ սա է մեր և Եվրոպայի տարբերությունը, այս է մեր վերաբերմունքը մարդկանց նկատմամբ», - ասել է Ռեջեփ Էրդողանը։ Նա կշտամբել է եվրոպացիներին նյութական օգնությունը ձգձգելու համար։

«Իմ երկրում հիմա կա 3 միլիոն սիրիացի փախստական, մենք նրանց պահելու համար արդեն 10 միլիարդ դոլար ենք ծախսել։ Վարչապետը Բրյուսելում է, հուսով եմ՝ նա կվերադառնա դեռ 4 ամիս առաջ եվրոպացիների խոստացած 3 միլիարդ եվրոյով», - ասել է Էրդողանը։

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երեկ հավաստիացրել է, որ Բրյուսելն Անկարային կտրամադրի խոստացած գումարը։

«Եվրոպական միությունը 3 միլիարդ եվրո է փոխանցելու ոչ թե Թուրքիայի կառավարությանը, այլ փախստականներին սատարելու և նրանց կյանքը փրկելու ծրագրերին։ Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ բարդ են, Թուրքիան էլ ինքնին բարդ երկիր է»,- նշել է Մոգերինին։

Եվրոպական միության լիդերները կարևոր առաջխաղացում են որակում երեկ Բրյուսելում ձեռք բերված համաձայնությունը։

«Միգրանտների համար բալկանյան ճանապարհն արդեն փակ է, նրանք Հունաստան են մեկնում, ուստի, մենք պետք է օգնենք Հունաստանին, իսկ դրա համար պարտավոր ենք համագործակցել Թուրքիայի հետ»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Մեզ անհրաժեշտ է վերացնել միգրացիայի պատճառները, պաշտպանել մեր արտաքին սահմանները, դա է Թուրքիայի հետ մեր ընդհանուր օրակարգը»,- ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Ենթադրվում է, որ Եվրամիությունը և Թուրքիան միգրանտների հարցով պայմանագիրը կստորագրեն մարտի 17-ին կայանալիք գագաթնաժողովում։

Մինչդեռ, երեկվա նախնական համաձայնությունը քննադատության է արժանացել միջազգային մի շարք կառույցների կողմից։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտարարել է, որ Եվրոպական միության տարածքից Թուրքիա փախստականներին զանգվածաբար վերադարձնելու տարբերակը հակասելու է միջազգային օրենքներին։

«Արդեն հոգնել եմ «ապօրինի միգրանտ» եզրույթից։ Հունաստանում այս պահին գտնվող փախստականների ավելի քան 90 տոկոսը պատերազմից ավերված երկրներից են` Իրաքից, Սիրիայից, Աֆղանստանից։ Թուրքիան, որտեղ ապաստանել է մոտ երեք միլիոն մարդ, փախստականներին օգնելու հարցում ավելին է արել, քան Եվրամիությունը»,- վրդովված ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության եվրոպական բյուրոյի տնօրեն Վենսան Կոշետելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG