Մատչելիության հղումներ

Սոնա Մանուկյան․ «Կնոջ ուժը այս հարցում՝ համախմբելու, ներգրավելու, շատ մեծ է»


Արդեն երեք տարի է՝ Սոնա Մանուկյանի կիրակիները հանգստանալու համար չեն․ այդ օրը նա տրամադրում է սոցիալապես ծանր վիճակում գտնվող որևէ ընտանիքի:

Շաբաթվա ընթացքում ընկերների, աջակիցների կամ պարզապես օտար մարդկանց օգնել ցանկացողների հետ սնունդ, հագուստ, դեղորայք, խաղալիքներ, կենցաղային պարագաներ է հավաքում ու հասցնում այդ պահին դրանց կարիքը ունեցող աղքատ մի ընտանիքի:

«Սրանով ես հանգստանում եմ, պիտանի մարդ եմ ինձ զգում: Դրա համար կիրակիներս այսպես է անցնում», - ասում է նա:

Սկզբից երկու-երեք, հետո՝ հարյուր, հիմա արդեն հազարավոր մարդիկ միացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում 29-ամյա Սոնայի ստեղծած «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» նախաձեռնությանը: Օգնության ցանցին միացել են նաև արտերկրում ապրող հայերը:

«Իրենք իրենց պարտքն են համարում մի հայ ընտանիքի հովանավորել: Այսպես ասեմ՝ չակերտավոր որդեգրում են ու արդեն երեխաների դպրոցական պարագաները, ամսական վճարները, տան վարձերը, կոմունալ ծախսերը հոգում են ու փորձում են իրենց էդ պարտքերից, ընկճված վիճակից հանել», - պատմում է նա:

Այս կիրակի էլ անհրաժեշտ ամեն ինչ հավաքեցին ու մեկնեցին Կոտայքի մարզի Կոճոռ գյուղ՝ այցելելու մոռացության և ծայրահեղ աղքատության մեջ հայտնված, երեք անչափահաս երեխա ունեցող ընտանիքին:

«Ախր էդ երեխեքը, որ ըսենց՝ էդ կոնֆետի վրա, խաղալիքի վրա․․․ ամենաազդեցիկ պահը էն ա, որ ուտելիքից ուրախանում են ու տեսնում-ուտում են․․․ աննկարագրելի զգացողություն ա, որ ինչի՞ պիտի երեխան ըտենց վատ ապրի, որ․․․ », - զգացմունքները զսպելով պատմում է Սոնան:

Ձյան, սառույցի ու ցեխի միջով այսօր էլ Սոնային և ընկերներին հաջողվեց այդքան անհրաժեշտ օգնությունը հասցնել Հարությունյանների ընտանիքին:

«Յուրաքանչյուր մարդ սեփական հաջողությունը կարող է վարակիչ դարձնել»,- ասում է երիտասարդ կինը, ով թե՛ գործում, թե՛ անձնական կյանքում իրեն հաջողակ մարդ է համարում: Աշխատում է փաստաբանական գրասենյակում, բոլորովին վերջերս էլ արբիտրաժային դատավորի կարգավիճակ է ստացել: Ամիսներ առաջ ամուսնացել է, հարսանիք չեն արել, զույգը որոշել է ստացած նվերները տրամադրել աղքատ ընտանիքներին:

Հաջողության պատմությունները քիչ չեն, սակայն երբեմն թևաթափ է լինում, երբ աղքատության ճիրաններում հայտնված մարդիկ օգնությունից հետո էլ ոտքի չեն կանգնում: Նրանց մեծ մասը իրավական լուրջ խնդիրների մեջ է թաղված․ մասնագիտությամբ իրավաբան Սոնան արդեն մեկ տարի նաև այս խնդիրներն է փորձում կարգավորել:

«Երբ մենք այդ ընտանիքի մասին ինֆորմացիա ենք ներկայացնում խմբում, գրում ենք նրանց խնդիրների՝ թե՛ իրավական, թե՛ սոցիալական, թե՛ առողջական խնդիրների մասին, բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգված են ու ունեն օգնելու հնարավորություն՝ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, ինչու չէ՝ նաև իրավաբաններ կամ մարդիկ, ովքեր իրենց շրջապատի միջոցով կարող են այդ խնդիրները վերացնել՝ մինչև աշխատանքի տեղավորման կամ ուսման հարցը կարգավորելը, իրենք միանում են: Դրա համար մեր այս մեկանգամյա անդրադարձը իրենց կյանքը լիովին փոխում է», - պատմում է նա:

Սոնային միացած ակտիվիստների մեծ մասը երիտասարդ կանայք ու աղջիկներ են: Սոնան վստահ է՝ յուրաքանչյուր կին կարող է փոխել աշխարհը, եթե սեփական «ես»-ից ուշադրությունը մի փոքր այլ ուղղությամբ շեղի:

«Կնոջ ուժը այս հարցում՝ համախմբելու, ներգրավելու, շատ մեծ է: Ամեն մեկս այդպիսի մի կյանք փոխելով շատ մեծ բանի կարող ենք հասնել», - եզրափակում է Սոնա Մանուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG