Մատչելիության հղումներ

Ազիմով. «ՄԽ ամբողջական ձևաչափի շնորհիվ հնարավոր կլինի ուժեղացնել Հայաստանի դեմ ճնշումը»


Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմով, արխիվ

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմով, արխիվ

Ադրբեջանը հաստատակամ է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի գործունեության փոփոխության հարցում: Այդ մասին կիրակի երեկոյան ANS հեռուստաընկերության ամենշաբաթյա վերլուծական ծրագրի շրջանակներում հայտարարել է երկրի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը:

«Գերմանիան այժմ ԵԱՀԿ-ի նախագահող պետությունն է, և գերմանացիներին այդ առաջարկն արվել է: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել մեր նպատակին», - ասել է ղարաբաղյան բանակցություններում պաշտոնական Բաքվի դիվանագիտական ողջ ռազմավարության ճարտարապետը համարվող Ազիմովը, ով, ի դեպ, չի թաքցնում, որ Մինսկի խմբին մաս կազմող բոլոր պետությունների մասնակցությունը կարգավորման բանակցություններին կուժեղացնի ադրբեջանական դիվանագիտության դիրքերը:

«Մինսկի խմբի ամբողջական ձևաչափի կիրառումը միջազգային հանրության կողմից Հայաստանի դեմ կիրառվող հավելյալ ճնշման միջոց կարող է դառնալ: Կարծում եմ, որ, ասենք, Գերմանիայի, Շվեդիայի, Թուրքիայի գործունեությունն ու դերակատարությունը Մինսկի խմբում կարող է ավելի արդյունավետ լինել», - նշել է Ազիմովը:

Ադրբեջանցի դիվանագետի խոսքով՝ վերջին անգամ Մինսկի խումբը լիագումար նիստեր հրավիրել է 1995-96 թվականներին, ինչից հետո բանակցային ողջ գործընթացը պարփակվել է երեք համանախագահ պետությունների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի շրջանակում:

«2012 թվականին, երբ լրանում էր Մինսկի գործընթացի 20-ամյակը, Ադրբեջանն առաջարկեց Մինսկի կոնֆերանսի [լիագումար] նիստ հրավիրել: Մի շարք պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, միանշանակորեն աջակցեցին մեր այդ առաջարկին: Չնայած դրան, նախաձեռնությունն այդպես էլ իրականություն չդարձավ», - նշել է Արազ Ազիմովը` հատուկ ընդգծելով, որ ղարաբաղյան կարգավորման ճանապարհին պարբերաբար ծագող հիմնական խոչընդոտներից մեկը համանախագահ պետությունների միջև առկա տարաձայնություններն են:

«Որոշ ժամանակահատվածներում, երբ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում վատթարացում կամ լարվածություն է նկատվում, Մինսկի գործընթացի շրջանակներում մենք դա զգում ենք: Մյուս կողմից, Հայաստանն իրեն լավ է զգում, քանի որ միջազգային հանրության շրջանում հակամարտության մասին շատ ավելի քիչ տեղեկատվություն է տարածվում և Հայաստանի վրա շատ ավելի քիչ ճնշում է գործադրվում», - պնդում էր Ազիմովը:

ANS-ին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը չի շրջանցել նաև Հայաստանին ռուսական զենք գնելու նպատակով տրամադրված 200 միլիոն դոլարի վարկի թեման` ակնարկելով, թե տեղի ունեցածն Ադրբեջանի իշխանությունների համար անակնկալ չէր:

«Ռուսաստանի և Հայաստանի ռազմաքաղաքական դաշինքի գոյությունը որևէ մեկին չի զարմացնում: Մի քանի տարի է արդեն, ինչ այն գոյություն ունի և կնքված պայմանագրերի համաձայն՝ դեռ մի 40-50 տարի էլ գոյություն կունենա: Այդ պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը Հայաստանի տարածքում իր զորքերն է տեղակայել, նոր զինատեսակներ է մատակարարում, սակայն հենց ինքն էլ դրանք վերահսկում է: Ռուսաստանը նաև վերահսկում է Հայաստանի օդային տարածքն ու սահմանները, ապահովում է Հայաստանի հակաօդային պաշտպանությունը: Ի վերջո, չմոռանանք, որ Հայաստանի տնտեսության 70 տոկոսը Ռուսաստանին է պատկանում: Նման պայմաններում ես չեմ կարծում, թե Ռուսաստանը կհրաժարվեր Հայաստանին աջակցություն ցուցաբերելուց», - նշել է Ազիմովը:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի խոսքով, սակայն, քիչ հավանական է, որ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվի, քանի որ դա չի համապատասխանում նախևառաջ Ռուսաստանի շահերին:

«Ռուսաստանը տարածաշրջանում պատերազմի վերսկսման որևէ շահագրգռություն չունի: Մոսկվան արդեն իսկ ներքաշվել է Սիրիայում ընթացող պատերազմում, և նոր ռազմաճակատի ի հայտ գալը Ռուսաստանի շահերին չի համապատասխանում: Բայց եթե պատերազմն այնուհանդերձ սկսվի, Ադրբեջանն այն վարելու է իր տարածքում, վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը և հայկական տարածքներ չի ներխուժելու: Նման պայմաններում Ռուսաստանի միջամտությունը ի պաշտպանություն հայերի իրավական որևէ հիմք ունենալ չի կարող: Այդ դեպքում հայերի կողմից պաբերաբար հիշատակվող Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների կիրառումը պարզապես անհնարին կլինի և իրավական տեսանկյունից ոչ ճիշտ», - հայտարարել է Ազիմովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG