Մատչելիության հղումներ

Այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին:

Շուրջ երկու տասնյակի հասնող ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները լուռ հետևում էին:

Ուկրաինուհու լուսանկարով պաստառը բռնած, որի վրա գրված էր՝ «Ձեր և մեր ազատության համար», ակցիային մասնակցում էր նաև կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

«Ամբողջ աշխարհի աչքի առաջ խիզախ կին, հայրենասեր, ազատամարտիկ, Ուկրաինայի սպա Նադյա Սավչենկոն դատվում է խայտառակ պայմաններում, անհեթեթ մեղադրանքներով: Ես կարծում եմ, որ ցանկացած երկրի, ցանկացած ազգի ազգային-ազատագրական պայքարի մասնակիցները պետք է գիտակցեն համերաշխության կարևորությունը», - մեկնաբանեց կինոռեժիսորը:

Նադեժդա Սավչենկոն ռուսաստանյան բանտում է 2014թ․-ից: Նրան մեղադրում են Ուկրաինայում իրենց մասնագիտական պարտքը կատարող ռուսաստանցի երկու լրագրողի սպանության մեջ: Սավչենկոն հերքում է մեղադրանքը՝ հայտարարելով, որ իրեն Ուկրաինայում առևանգել և Ռուսաստան են տեղափոխել ռուսաստանյան հատուկ ծառայությունները:

Դատաքննության ժամանակ մեղադրողը պահանջել է Սավչենկոյին դատապարտել 23 տարվա ազատազրկման: Մարտի 3-ից ուկրաինուհին չոր հացադուլ է հայտարարել: Եվրամիությունը, ինչպես նաև քսան երկրներից ավելի քան 270 հայտնի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ պահանջել են ազատ արձակել Սավչենկոյին:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի խոսքով, առևանգելով Սավչենկոյին՝ Ռուսաստանի իշխանությունները, փաստորեն, նրան պատանդ են վերցրել:

«Սա ուղղակի մի ապաիրավական պրոցես է, որը ավելի շատ վենդետայի է նման», - ասում է Իոաննիսյանը:

Ռուսաստանի դեսպանատնից չարձագանքեցին ակցիային:

XS
SM
MD
LG