Մատչելիության հղումներ

Ֆինանսական ճգնաժամի պատճառով Ադրբեջանի առագաստանավային սպորտի ֆեդերացիան հրաժարվում է այս ամառ նախատեսված «470» դասի առագաստանավերի աշխարհի առաջնության անցկացումից:

«470» դասի առագաստանավերի 2016-ի աշխարհի առաջնությունը անցկացնելու պարտավորությունը Ադրբեջանը ստանձնել էր անցյալ տարի՝ Աթենքում առագաստային մարզաձևի միջազգային ֆեդերացիայի գլխավոր ասամբլեայի նիստին: Սպորտային այս իրադարձությանը հավուր պատշաճի պատրաստվելու նպատակով Կասպից ծովի ափին ստեղծվել էր ամառային դպրոց, որտեղ դեռահասները պետք է յուրացնեին առագաստային մարզաձևի հմտությունները:

Ադրբեջանական լրատվամիջոցները հպարտությամբ էին խոսում այս ձեռքբերման մասին:

«Ադրբեջանը աշխարհի մակարդակով ճանաչվել է որպես սպորտային երկիր, այն դարձել է հրապուրիչ հարթակ՝ միջազգային մակարդակի սպորտային մրցումներ անցկացնելու համար», - գրում էր պետական «ԱզերԹԱՋ»-ը, - «Նախագահի անմիջական վերահսկողությամբ սպորտի զարգացումը մեր երկրում դարձել է պետական քաղաքականության գերակա ճյուղերից մեկը»:

Առագաստանավային սպորտի միջազգային ֆեդերացիան մինչ այս պահը չի մեկնաբանել Ադրբեջանի որոշումը, և առայժմ հայտնի չէ , թե որտեղ է անցկացվելու մի քանի ամիս անց սպասվող աշխարհի առաջնությունը:

Ադրբեջանում այս տարի նախատեսված է նաև «Ֆորմուլա-1» ավտոմրցաշարը:

Թեև նավթի գների շարունակական անկումը լուրջ հարված է հասցրել ադրբեջանական տնտեսությանը, հանգեցնելով ազգային արժույթի կտրուկ արժեզրկման, ինչն էլ իր հերթին ստիպել է երկրի ղեկավարությանը հրաժարվել ավելորդ ծախսերից և վերանայել բյուջեն, այդուհանդերձ «Ֆորմուլա-1»-ի մրցումների անցկացման հարցում Բաքուն վճռական է տրամադրված: Այդ նպատակով, ըստ նախնական տվյալների, կծախսվի շուրջ 40 միլիոն եվրո: Ալիևի վարչակազմի ընդդիմախոսները սա համարում են «խնջույք ժանտախտի ժամանակ»: Կառավարությունը, սակայն, վստահեցնում է, թե «Ֆորմուլա-1» մրցարշավի անցկացումն ազգային տնտեսությանը մեծ օգուտ կբերի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում:

Բացի «Ֆորմուլա-1»-ից, Ադրբեջանը մտադիր է իր հարկի տակ ընդունել նաև ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը, իսկ հաջորդ տարի էլ անցկացնել Իսլամական համերաշխության չորրորդ խաղերը:

Պաշտոնական Բաքուն չի թաքցնում՝ նման միջոցառումներ կազմակերպելու հիմնական նպատակը երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելն է:

XS
SM
MD
LG