Մատչելիության հղումներ

«Կոկա-Կոլա»-ն դատի է տվել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին


«Կոկա-Կոլա» ընկերությունը դիմել է դատարան՝ բողոքարկելու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը՝ այն համարելով անհիմն:

Արտակ Շաբոյանի գլխավորած հանձնաժողովը օրերս ծավալուն հայտարարություն էր տարածել, ըստ որի «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության դիմում-բողոքի հիման վրա արված ուսումնասիրությունը պարզել է՝ «Կոկա-Կոլա»-ն խոչընդոտում է մրցակից ընկերությունների մուտքը շուկա:

«Ընկերությունն իր անհամաձայնությունն է հայտնում հանձնաժողովի ընդունած որոշման կապակցությամբ։ Միաժամանակ, կարծում ենք, որ վարչական վարույթն իրականացվել է սահմանված ընթացակարգերի անհամապատասխանությամբ»,- հայտարարում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»-ն:

Հանձնաժողովը, մինչդեռ, պնդում է․ - «Զեղչերի, ակցիաների կամ այլ շահավետ պայմանների միջոցով «Կոկա-Կոլա»-ն պարտադրում է, որ տասնյակ օբյեկտներ իրացնեն միայն իր արտադրանքը: Օրինակ, ընկերության ֆիրմային սառնարանները անհատույց տրամադրվում են տնտեսվարողներին, ինչը տնտեսապես շահավետ է վերջիններիս, քանի որ սառնարանի ձեռքբերման և վարձակալության համար լրացուցիչ ծախսեր չեն կատարում: Ընկերությունը արգելում է, որպեսզի իր սառնարաններում թեկուզև շատ փոքր քանակով ներկայացված լինեն այլ ըմպելիքներ, հակառակ դեպքում զգուշացնում է, որ իրավասու է կիրառելու որոշակի խիստ միջոցներ»:

Արդյունքում, հանձնաժողովը որոշել է 50 միլիոն դրամով՝ մոտ 100 հազար դոլարով, տուգանել «Կոկա-Կոլա»-ին՝ գերիշխող դիրքի չարաշահման համար:

«Կոկա-Կոլա»-ի ներկայացուցիչները հրաժարվեցին մեկնաբանություն տալ «Ազատությանը», նշելով, որ դատաքննության փուլում նպատակահարմար չեն համարում խոսել:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հանձնաժողովը որոշեց հանդես գալ այսպիսի աղմկոտ գործով այն բանից հետո, երբ խորհրդարանում, լրատվամիջոցներում քննադատության ալիք բարձրացավ՝ բենզինը, բանանը Հայաստանում մի քանի անգամ թանկ են, քան նույն մաքսային դաշտում գտնվող Ռուսաստանում, կամ հարևան Վրաստանում, և Շաբոյանը շարունակաբար չէր կարողանում հստակեցնել, թե ինչու է այդպես:

«Ինքը պարզապես հերթական այն պետական մարմիններից է, որ սպասարկում է մոնոպոլիաների շահերը և որևիցե այլ խնդիր չի լուծում: Կա նաև պատվեր, ինչ-որ խնդիր է առաջացել, «Կոկա-Կոլա»-ն, ամենայն հավանականությամբ, որևէ մեկ՝ այդ բնագավառում գտնվող կառույցի ոտքերը տրորել է, և որոշել են նրան պատժել», - ասում է տնտեսագետը:

Ըստ Խաչատրյանի, տարիներ ի վեր Հայաստանում, միջազգային կառույցները բարձրաձայնում են մոնոպոլիաների մասին, որոնք ուղղակի խոչընդոտում են տնտեսության զարգացումը, սակայն տարօրինակ, է, որ Շաբոյանի հանձնաժողովը շարունակում է դա չնկատել, փոխարենը նկատել է ընդամենը մի քանի տնտեսվարողների, որոնք միայն «Կոկա-Կոլա» են վաճառել:

«Այս հանձնաժողովը որևէ ձևով չի իրականացնում այն խնդիրը, որը իր առջև դրված է: Հակառակը, հանձնաժողովը ոչ թե գերիշխող դիրքի դեմ պայքարի, այլ գերիշխող դիրք ապահովելու խնդիր է լուծում», - ասում է Խաչատրյանը:

XS
SM
MD
LG