Մատչելիության հղումներ

Բրյուսելում գումարված արտակարգ գագաթնաժողովում քննարկվում է միգրանտների ճգնաժամը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մասնակցում են միգրանտների հարցով ԵՄ գագաթնաժողովին, Բրյուսել, 7 մարտի, 2016թ.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մասնակցում են միգրանտների հարցով ԵՄ գագաթնաժողովին, Բրյուսել, 7 մարտի, 2016թ.

Եվրոպական միությունը և Թուրքիան քննարկում են հարցը

Եվրոպական միության և Թուրքիայի ղեկավարներն այսօր Բրյուսելում գումարած արտակարգ գագաթնաժողովում քննարկում են միգրանտների ճգնաժամը կարգավորելու հնարավորությունը։

Եվրոպական միության 28 պետությունները պետք է Թուրքիային խնդրեն զսպել այդ երկրի տարածքով Եվրամիություն տեղափոխվող միգրանտների հոսքը և հետ վերցնել այն մարդկանց, ովքեր չեն համապատասխանում ապաստան տրամադրելու պահանջներին։

Գագաթնաժողովի աշխատանքը ղեկավարում է հերթագայության կարգով Եվրամիությունը նախագահող Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն։ Նա այսօր հույս է հայտնել, որ Բրյուսելը և Անկարան կհասնեն համաձայնության։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն ասել է, որ Եվրոպան պետք է վերանայի բաց սահմանների քաղաքականությունը, քանի որ այն նախատեսված չէ միգրանտների այդ աստիճան ծանր հոսքի համար։

2015 թվականի ընթացքում ավելի քան մեկ միլիոն միգրանտ ապօրինի եղանակով` հիմնականում նավակներով, մուտք է գործել Եվրոպա: Նրանց մեծ մասը Սիրիայից, Աֆղանստանից և Իրաքից Եվրամիություն է հասել Թուրքիայի և Հունաստանի տարածքով՝ նպատակ ունենալով ճանապարհը շարունակել դեպի հյուսիս։

Եվրոպական միությունը ողջունել է Թուրքիայի ձեռնարկած միջոցները և դրամական օգնություն է հատկացրել միգրանտների հարցը կարգավորելու համար, բայց նշել է, որ տակավին մեծ թվով միգրանտներ` ամեն օր շուրջ 200 մարդ, շարունակում են Թուրքիայից տեղափոխվել Հունաստան։

Եվրոպական միության արևմտաբալկանյան երկրները, ինչպես նաև միության անդամ չհանդիսացող Մակեդոնիան, գործնականում, փակել են իրենց սահմանները միգրանտների առջև, ինչի արդյունքում ապաստան հայցող ավելի քան 30 հազար մարդ կուտակվել է Հունաստանի տարածքում։

Գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծում, ըստ Associated Press-ի, կա այսպիսի ձևակերպում․ - «Եվոպական միությունն այս դժվար պահին կանգնած է Հունաստանի կողքին և ամեն ինչ կանի օգնելու համար։ Դա ուժերի մոբիլիզացում և անհապաղ արձագանք պահանջող համատեղ պատասխանատվության խնդիր է»։

Գագաթնաժողովի նախօրեին ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ ընդարձակում է Էգեյան ծովում ռազմանավերի հերթապահությունը՝ նպատակ ունենալով կանխել նավերով Եվրամիություն միգրանտներ տեղափոխելու փորձերը։

Միայն այս տարվա հունվար-փետրվարին ավելի քան 400 միգրանտ է խորտակվել ծովով Հունաստան հասնելու ճանապարհին։ Իսկ երեկ Թուրքիայի ափերի մոտ է խորտակվել մի նավակ, զոհվել է 25 մարդ։

Այսօր Բրյուսելում գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ է խոսել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։

«Մեր առջև լուրջ մարտահրավերներ են, լուծում ապահովող միակ ճանապարհը համերաշխությունն է։ Ի վերջո, խոսքը մեր բոլորիս մայրցամաքի մասին է։ Պետք է տեսնել ամբողջ պատկերը, այլ ոչ թե միայն միգրանտների խնդիրը։ Ես ուրախ եմ, որ այսօր եվրոպացի լիդերների մոտ կա այդ մարտահրավերների առավել ինտենսիվ գիտակցում», - ասել է Դավութօղլուն։

Նույն խնդրին է անդրադարձել առավել տուժած ևս մեկ երկրի` Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։

«Կարծում եմ, բոլորը գիտակցում են, որ մենք Եվրոպայում ունենք սկզբունքներ և արժեքներ։ Եվրամիության հիմնարար սկզբունքներից է համատեղ պատասխանատվությունը, դժվարությունները կիսելը, համերաշխությունը: Ես հուսով եմ, որ բոլորի համար են գործում օրենքները և սկզբունքները, և յուրաքանչյուրը պարտավոր է ի կատար ածել մեր ընդհանուր որոշումները», - ասել է Ցիպրասը։

Գագաթնաժողովի աննախադեպ նշանակության մասին է խոսել նաև Եվրամիության ծանրքաշային անդամ պետության` Գերմանիայի կանցլերը։

«Մենք այսօր անցկացնում ենք հատուկ գագաթնաժողով, իմ կարծիքով, այն ամենակարևորներից է Եվրամիության պատմության ընթացքում, ես հուսով եմ, որ մենք առաջընթաց կապահովենք»,- ասել է Անգելա Մերկելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG