Մատչելիության հղումներ

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող «Յուքոմ» ընկերությունը հարկային արտոնություններ է ստացել, մինչդեռ տնտեսագետները պնդում են, որ իրականացվում է հովանավորչություն:

Վերջերս «Օրանժ» բջջային օպերատորին ձեռք բերած «Յուքոմը» պատրաստվում է ավելի քան 17 միլիարդ դրամի սարքավորումներ ներկրել բջջային ցանցում 4G համակարգ ներդնելու, ինչպես նաև 2G և 3G համակարգերը հզորացնելու համար: Կառավարության տված հարկային արտոնությամբ՝ ընկերությունը ներկրված ապրանքների արժեքի 20 տոկոսի կամ մոտ 3.5 միլիարդ դրամի չափով ավելացված արժեքի հարկի վճարումը կարող է իրականացնել երեք տարվա ընթացքում:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով՝ «Յուքոմը» չի համապատասխանում հարկային արտոնություններ ստանալու չափանիշներին:

«Այն ընկերությունները, որոնք պետք է ստանան այդ արտոնությունը, ամենաշատ միավորը վաստակում են նրա շնորհիվ, որ պիտի արտահանեն իրենց ապրանքը: «Յուքոմի» դեպքում դա չի աշխատում, որովհետև «Յուքոմի» առաջարկած ծառայությունը արտահանելի չէ, դա աշխատելու է բացառապես Հայաստանի սահմանների ներսում», - ասում է Գևորգյանը:

Էկոնոմիկայի նորանշանակ դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը Կառավարության նիստում, որպես արտոնություն տրամադրելու հիմնավորում, հայտարարեց՝ շուրջ 340 նոր աշխատատեղ է բացվելու:

Մինչդեռ, Հայկ Գևորգյանի խոսքով՝ «Յուքոմի» ներդրումը չի համապատասխանում նաև Կառավարության սահմանած տասը չափանիշներից այն կետին, որով նախատեսվում է, որ ներդրումը պետք է զգալի դրական ազդեցություն ունենա տնտեսության վրա:

«340 աշխատատեղ է բացվելու դրա արդյունքում՝ 34 միլիոն դոլարի ներդրումից հետո: Կարծում եմ՝ դա այդքան էլ բարձր ցուցանիշ չէ։ Երկրորդ կողմը՝ այն ընկերությունները, որոնց հետ մրցելու է «Յուքոմը», ժամանակին նույն պատճառով չեն ստացել նման արտոնություններ: Այսինքն՝ Կառավարությունը, փաստորեն, հովանավորչություն է իրականացնում նույն դաշտում գործող մի քանի ընկերություններից կոնկրետ մեկի նկատմամբ: 2 միլիոն դոլարի առավելությունը մյուս ընկերությունների նկատմամբ դա հսկայական գումար է», - ասում է նա:

«Յուքոմին» արտոնություն տալու որոշումը Կառավարությունն ընդունեց երրորդ փորձից՝ երկու անգամ հարցը հանելով գործադիրի օրակարգից: Հաստատելուց առաջ էլ վարչապետն ասաց, որ վերապահումներ կան որոշման վերաբերյալ, այդպես էլ չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը:

Տնտեսական մեկնաբանի պնդմամբ՝ արտոնությունը նախարարի հարազատներին պատկանող ընկերությանը տրվել է որպես փոխհատուցում, քանի որ Պետական եկամուտների կոմիտեն Ֆինանսների նախարարությունից տարանջատելուց հետո Խաչատրյանը զրկվեց «սուպերնախարարի» դիրքից:

«Բայց այնքան թույլ է այդ որոշումը, այնքան թույլ են հիմնավորումները, որ, կարծում եմ, վերանայման փորձ կլինի կոնկրետ Էկոնոմիկայի նախարարության կողմից», - ասում է Հայկ Գևորգյանը:

Արտոնություն ստանալու հարցում Գագիկ Խաչատրյանի հնարավոր ազդեցության մասին «Յուքոմից» չպատասխանեցին: Իսկ 4G և 3G ցանցերի համար սարքավորումներ ներկրած, սակայն հարկային վճարումների հետաձգման հնարավորություն չստացած «Վիվասել ՄՏՍ-ից» և «Բիլայնից» իրենց մրցակցի արտոնություն ստանալը չցանկացան մեկնաբանել:

XS
SM
MD
LG