Մատչելիության հղումներ

«Ժառանգության» փոխնախագահը և ՀԱԿ խմբակցության ղեկավարը այդ հարցում համակարծիք են:

Իշխանությունների մշակած Ընտրական օրենսգրքի նախագիծը մեծ խնդիրներ է առաջ քաշում, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ:

«Ըստ էության, սա ոչ թե համամասնական ընտրակարգ է, այլ մեծամասնականի միջոցով համամասնականին ձայն բերելու համակարգ է», - հայտարարեց Մարտիրոսյանը՝ մանրամասնելով․ - «Եթե նախկին համակարգով մեծամասնականին ձայն էր տալիս քաղաքացին, բայց համամասնականին այլ կուսակցություն էր ընտրում, այս դեպքում այնպես են արել, որ օլիգարխների փողը բացառապես աշխատի կուսակցության համար: Այսինքն, եթե, օրինակ, Սամվել Ալեքսանյանը, որը լավաշներ էր բաժանում և, բնականաբար, շատ մեծ [թվով] քվեարկողներ կունենա այդ համայնքում, իրեն գան ընտրեն՝ ավտոմատ այդ ձայնը գնալու է կուսակցությանը»:

«Դրա համար, մենք ասում ենք՝ պարզ համամասնական ընտրական համակարգ լինի, ոչ թե այս երկու մեխանիզմներով՝ համապետական և ընտրատարածքային», - ընդգծեց ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը:

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իր համաձայնությունը հայտնեց Արմեն Մարտիրոսյանի ասածին՝ նշելով․ - «Տեսեք, եթե առաջ մենք ունեինք, էս պառլամենտում՝ 75 տոկոսը համամասնականով, 25-ը՝ մեծամասնականով, հիմա, ըստ էության, իրենք այդ համամասնություն էլ են փոխել հօգուտ մեծամասնականի․ ըստ էության, 50 տոկոսը լինելու է համամասնական՝ ռեալ, դասական համամասնական, իսկ մյուս 50-ը՝ համանասնականի անվան տակ մեծամասնական»:

Դիտարկմանը, որ, այդուհանդերձ, դա մեծամասնական համակարգ չէ, քանի որ ընտրությունը կատարվելու է կուսակցությունների միջև, ռեյտինգային քվեարկությամբ, ՀԱԿ խմբակցության ղեկավարը արձագանքեց․ - «Բայց ռեալ ի՞նչ է լինելու»:

«Ժառանգության» փոխնախագահն էլ, իր հերթին, ասաց․ - «Ժիգուլի» մեքենայի վրա եթե գրենք «Մերսեդես»՝ դրանով չի դառնում ինքը «Մերսեդես», էլի նույն «Ժիգուլի»-ն է: Ըստ էության, մեխանիզմը՝ իր բովանդակությունը, նորից մեծամասնական է, այն էլ՝ խայտառակ ձևի մեծամասնական»:

«Այստեղ դուք էությանը նայեք», - ասաց Զուրաբյանը:

Մարտիրոսյանն էլ շարունակեց․ - «Իրենք այդ երկուսը միավորել են, որ կուսակցության համար․․․ Քանի որ գիտեն, որ Հանրապետականը շատ վատ վիճակում է հասարակական համակրանքի տեսանկյունից, իշխանության յուրաքանչյուր ուժ, իրենք վերցրել են, քանի որ մեծամասնականը նաև շատ այլ գործոններով է պայմանավորված քվեարկությունը՝ թաղի տղա է, բարեգործություն է արել, չգիտեմ, կաշառք է բաժանել, և այլն, և այլն, իրենք գնում են մեծամասնականին ընտրում են, բայց կուսակցական, Հանրապետական չեն ընտրում, հիմա էնպես են արել, որ ուզեն, չուզեն՝ մեծամասնականի ընտրելով՝ Հանրապետական ընտրեն: Բայց իրականության մեջ էլի սա նույն մեծամասնականն է»:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 6-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG