Մատչելիության հղումներ

Թուրքական ոստիկանությունը ուժ է գործադրել «Զաման»-ի աջակիցների նկատմամբ


Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է գործադրել հարյուրավոր ցուցարարների դեմ, ովքեր հավաքվել էին թուրքական «Զաման» թերթի խմբագրության շենքի մոտ՝ հայտնելու իրենց աջակցությունը թերթի խմբագրակազմին:

Ցուցարարներին ցրելուց հետո թուրք իրավապահները ցանկապատներ ու բարիկադներ են տեղադրել խմբագրության մոտ:

Ուրբաթ օրը ընդդիմադիր «Զաման»-ում, առանց բացատրության, նշանակվել էին արտաքին կառավարիչներ, իսկ դրանից մի քանի ժամ անց ոստիկանությունը խմբագրությունում խուզարկում է իրականացրել: Թերթի ներկայացուցիչների խոսքով՝ պետության կողմից նշանակված կառավարիչները սպառնում են առգրավել թերթի ունեցվածքը:

«Զաման»-ը հայտնի է ԱՄՆ-ում բնակվող թուրք հայտնի հոգևորական և ընդդիմադիր գործիչ Ֆեթուլա Գյուլենի հետ ունեցած սերտ առնչություններով: Նախկինում նա համարվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համախոհը, սակայն ավելի ուշ նրանց հարաբերությունները կտրուկ վատացել են:

Թերթում արտաքին կառավարիչներ նշանակելու նախաձեռնությունը կոշտ արձագանք է ստացել նաև ԱՄՆ պետքարտուղարության կողմից:

«Զաման»-ը հրատարակվում է 1986 թվականից: Թուրքիայից բացի այն տարածվում է նաև մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Գերմանիայում: Այս պարբերականը համարվում է Թուրքիայի ամենաազդեցիկ լրատվամիջոցներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG