Մատչելիության հղումներ

Էրդողանի որդին Իտալիայից վերադառնում է հայրենիք


Թուրքիայի նախագահին որդին՝ 35-ամյա Բիլալ Էրդողանը, արխիվ
Թուրքիայի նախագահին որդին՝ 35-ամյա Բիլալ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը վերադառնում է հայրենիք: Այս մասին հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին: «Հարգելի ընկերներ, մենք որոշել ենք Ստամբուլ վերադառնալ»,- իտալական Il resto del Carlino թերթի հետ զրույցում, մեջբերելով Բիլալի հեռախոսային հաղորդագրության տեքստը, հայտնել է նրա ընկերը՝ Լուկա Օրսին: Հաղորդագրությունը, ըստ աղբյուրի, ուղարկվել է Բիլալ Էրդողանի որդու համադասարանցիների ծնողներին:

Թուրքիայի նախագահի կրտսեր որդին՝ 35-ամյա Բիլալ Էրդողանը հայրենիք վերադառնալու մասին ցանկություն է հայտնել իտալական Բոլոնյա քաղաքում շուրջ կես տարի բնակվելուց հետո, գրում է պարբերականը: «Մեր անվտանգությունը այստեղ՝ Բոլոնյայում դարձել է փխրուն հարց ինչպես իտալական, այնպես էլ թուրքական կառավարության համար»,- պարզաբանել է Թուրքիայի նախագահի որդին:

Il resto del Carlino-ի լրագրողը հիշեցնում է, որ Բիլալ Էրդողանի, նրա կնոջ և երեխաների՝ Իտալիա տեղափոխվելու մասին հաղորդել էր թուրքական Cumhuriyet թերթը: Բիլալը որոշել էր ավարտին հասցնել իր դոկտորական թեզը, որը սկսել էր 2007 թվականին՝ Վաշինգտոնում: Ըստ աղբյուրի, Էրդողանի որդին իտալական քաղաքում բնակվում էր անվտանգության խստացված պայմաններում: Նա ուներ իր անձնական՝ թուրքերից բաղկացած զինված թիկնազորը, սակայն իտալական կառավարությունը ևս նրան թիկնապահ էր տրամադրել:

Թերթը գրում է, որ Էրդողանի որդու՝ Բոլոնյա տեղափոխվելն այդ քաղաքում անհանգստություն էր առաջացրել, հատկապես այն ծնողների շրջանում, ում երեխաները Բիլալի երեխաների հետ դպրոց էին հաճախում: Իտալական պարբերականը ենթադրում է, որ Բիլալ Էրդողանի՝ հայրենիք վերադառնալու պատճառը կարող էր լինել նաև նրա նկատմամբ սկսված հետաքննությունը: Թուրք գործարար և ընդդիմադիր գործիչ Մուրատ Հաքան Ուզանը, ով թաքնվում է Ֆրանսիայում, Թուրքիայի նախագահի որդու դեմ դատական հայց է ներկայացրել՝ նրան մեղադրելով Իտալիայում փողերի լվացմամբ զբաղվելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG