Մատչելիության հղումներ

ԱԺ վերջին նստաշրջանում ընդունված օրինագծերի 93 տոկոսը ներկայացրել է կառավարությունը, և միայն 7 տոկոսը՝ պատգամավորները:

Սամվել Նիկոյանը (ՀՀԿ) արտառոց ոչինչ չի տեսնում․ - «Պատճառը հիմնականում այն է, որ կառավարության առաջադրած բավականին շատ նախաձեռնություններ կային կուտակված և արտահերթ նստաշրջանի օրակարգով դրանք բոլորը ընդունվեցին»:

Ավելին՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Նիկոյանն այստեղ տեսնում է ընդդիմադիրների մեղքը․ - «Մեծ ազդեցություն ունի նաև պառլամենտում ընդդիմադիր թևի թուլացման, կամ դիրքերի զիջման խնդիրը: Պակասել են նաև, ցավոք սրտի, մեր ընդդիմադիր գործընկերների կողմից առաջարկությունները»:

Օրենքների ընդունման գործում օրենսդիրի դերի նվազումն արդեն օրինաչափություն է դառնում: «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը նախորդների հետ է համեմատում վերջին նստաշրջանը․ - «Հարաբերակցությունն ավելի ի վնաս ԱԺ-ի է, քան, օրինակ, նախորդ նստաշրջանում: Նախորդում 90-10 հարաբերակցությունն էր: Ունեցել ենք մի նստաշրջան, որում ավելի վատ ցուցանիշ է եղել՝ 5-95»:

Խորհրդարանի աշխատանքին հետևողների հաջորդ մտահոգությունն արտահերթ նստաշրջանների ժամանակ ընդունված օրենքների առատությունն է: Նախորդ նստաշրջանում ընդունված 116 օրինագծերից 90-ն ընդուվել է արտահերթների ընթացքում:

Հանրապետականի ներկայացուցիչ Նիկոյանն այստեղ էլ ընդդիմադիրների մեղքն է տեսնում՝ ելույթները երկար են ու շատ, և քննարկման համար ժամանակ չի մնում:

Ընդդիմադիրները հակադարձում են, թե կարևոր օրինագծերը միտումնավոր են արտահերթով բերվում: «Վերջերս արտահերթ ռեժիմով ընդունվեց օրենք, որով փոփոխություն կատարվեց կառավարման մեջ: Նոր նախարարություն ստեղծեցին՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»:

Լուսինե Վասիլյանի եզրահանգմամբ՝ օրենքները մշակելու գործառույթն Ազգային ժողովը հանձնել է կառավարությանը․ - «Հիմնական հարցը դառնում է այն, թե արդյոք այս ռեսուրսով, այս ավանդույթներով հնարավո՞ր է ունենալ այն խորհրդարանը, որը ակնկալվում է խորհրդարանական համակարգի դեպքում»:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ այսօրվա Ազգային ժողովը կառավարության նախագծերը դակողի դեր է ստանձնել, իսկ անցումը կառավարման խորհրդարանական համակարգի շատ բան չի փոխի․ - «Այնպես չէ, որ կառավարման համակարգը եթե փոխում ես, դու փոխում ես նաև էությունը»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, մինչդեռ, հակառակ համոզմունքն ունի․ կառավարման համակարգի փոփոխությունից հետո խորհրդարանը որակապես այլ հարթությունում է լինելու․ - «Երաշխիքը Ազգային ժողովի դերի բարձրացումն է, կառավարության ռեալ հաշվետվողականությունն է․․․ Հուսալով ենթադրում եմ, որ Ազգային ժողովի կազմը ավելի ունակ և կարող կլինի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG