Մատչելիության հղումներ

Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծը աջակիցներ է հավաքում


ԱՄՆ կոնգրեսական Քրիս Սմիթը Բաքվում, հունիս, 2014թ․

ԱՄՆ կոնգրեսական Քրիս Սմիթը Բաքվում, հունիս, 2014թ․

«Մենք մտադիր ենք Ալիևին ապացուցել, որ իր այդ քաղաքականությունը, որն ուղղված է կոնկրետ մարդկանց՝ լրագրողներին, ընդդիմադիրներին ճնշելուն, վատ ավարտ է ունենալու»,- հայտարարել է օրինագծի հեղինակը։

Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին օրենքի նախագիծը աջակիցներ է հավաքում։ Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցի՝ չորս կոնգրեսականներ, այդ թվում՝ Մագնիտսկու հայտնի օրենքի հեղինակ Ջիմ ՄըքԳովերնը, միացել են «Ադրբեջանում ժողովրդավարության ակտ» օրինագծին, որով նախատեսվում է անհատական պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների դեմ, ովքեր մասնակցել են լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր ու կրոնական խմբերի ներկայացուցիչների քաղաքական հետապնդումներին:

Օրինագիծը շրջանառության մեջ է դրել Նյու Ջերսիից ընտրված հանրապետական ազդեցիկ կոնգրեսական Քրիսթոֆեր Սմիթը, ով «Թուրան»-ի հետ զրույցում հայտարարել է, թե ինքն ու իր գործընկերները շատ լուրջ են տրամադրված։

«Մենք մտադիր ենք Ալիևին ապացուցել, որ իր այդ քաղաքականությունը, որն ուղղված է կոնկրետ մարդկանց՝ լրագրողներին, ընդդիմադիրներին ճնշելուն, վատ ավարտ է ունենալու»,- հայտարարել է կոնգրեսական Սմիթը։

Անցնող շաբաթ Սմիթը հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ՝ կոչ անելով ԵԱՀԿ-ի ղեկավարությանն ու ԱՄՆ-ի կառավարությանը քննարկել քաղբանտարկյալների ու Ադրբեջանում մամուլի ազատության ճնշումների հարցերը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարտի վերջերին սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Միացյալ Նահանգներ, որտեղ նա մասնակցելու է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին։

«Թուրան»-ի մեկնաբանը նշում է, որ այցի շրջանակում տեղի են ունենալու մի շարք կարևոր, սկզբունքային հանդիպումներ և բանակցություններ, որոնց արդյունքներից էլ կախված կլինի ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ապագան։

Ադրբեջանական minval.az լրատվական կայքն էլ, հղում անելով դիվանագիտական իր հուսալի աղբյուրներին, գրում է, որ հնարավոր պատժամիջոցների սահմանման շուրջ Վաշինգտոնի և Բաքվի միջև ընթանում են գաղտնի բանակցություններ, և որ կողմերը փորձում են քննարկվող հարցերը համաձայնեցնել մինչև նյույորքյան գագաթնաժողովը։ Ըստ աղբյուրի՝ կողմերի պահանջները հայտնի են՝ Վաշինգտոնը Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Բացի այդ, ամերիկյան կողմը մտադիր է հավասար դերակատարություն ունենալ Կասպից ծովում անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաև մեծացնել դեպի Աֆղանստան ռազմական նշանակության բեռներ հասցնելու համար աջակցությունը:

Ադրբեջանն իր հերթին պայման է դնում՝ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորումը, վերահսկողության տակ վերցնել Նահանգներում գործող հակաադրբեջանական խմբերի գործունեությունը։

«Քննարկումների համար ժամանակը սահմանափակ է, Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ որոշումներն ընդունվեն մինչև նյույորքյան գագաթնաժողովը»,- աղբյուրի խոսքերն է փոխանցում minval.az-ը՝ շարունակելով.- «Եթե Նյու Յորքում նախագահներ Օբամայի և Ալիևի միջև դեմ առ դեմ հանդիպում տեղի չունենա, կնշանակի, որ կողմերը պայմանավորվածության չեն հասել»։

Պաշտոնական Բաքուն ավելի վաղ հայտարարել է, թե իր դեմ պատժամիջոցներ սահմանել ցանկացող կոնգրեսական Սմիթը գործում է հայկական լոբբիի պատվերով։ Կոնգրեսի կողմից օրինագիծը ընդունվելու դեպքում Ադրբեջանի իշխանությունները սպառնում են պատասխան քայլեր ձեռնարկել։

«Մարդու իրավունքների վիճակը Միացյալ Նահանգներում» վերտառությամբ օրենքի նախագիծը գրեթե պատրաստ է. Ադրբեջանական Միլի մեջլիսի իշխող կուսակցության պատգամավորն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ, նախ՝ իր երկրի ներքին գործերին խառնվելու, ապա նաև՝ այդ երկրում «մարդու իրավունքների համատարած խախտումների» համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG