Մատչելիության հղումներ

ՓՄՁ ներկայացուցիչներ․ Իշխանությունները «ծածուկ» Հարկային օրենսգիրք են մշակել


ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը:
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը:

Փետրվարի վերջին կառավարությունը պատրաստվում է խորհրդարան ներկայացնել Հարկային օրենսգրքի  նախագիծը, մինչդեռ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները հայտարարում են, թե այն մշակվել է առանց իրենց մասնակցության:

«Ազատության» հետ զրույցում ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանն ասաց, որ անգամ անակնկալի են եկել. - «Մասնակցություն չի եղել: Նամակի տեսքով ուղարկվել են առաջարկներ, որոնք էլ հետ են ուղարկվել»:

Հարկային օրենսգիրքը, պարզվում է, գրեթե պատրաստ է, և, ինչպես օրերս հայտարարեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսը, Հայաստանի իշխանությունները հանձնառել են 700 էջանոց օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովի դատին ներկայացնել արդեն մարտի վերջին․ - «Սա շատ կարևոր օրենսգիրք է և այն պահանջում է հանրային, խորը քննարկում: Սպասվում է, որ այն վերջնականապես կընդունվի 2017 թվականին և ուժի մեջ կմտնի 2018-ին: Մեր գնահատմամբ, Հարկային օրենսգրքի պատճաշ գործադրումը զգալիորեն կավելացնի հարկերի հավաքումը՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կաճի 2.5 տոկոսային կետով»:

Մոտ երկու շաբաթ առաջ «Ազատություն»-ը դիմել է Ֆինանսների նախարարություն՝ օրենսգրքի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով, սակայն պատասխան դեռևս չենք ստացել:

Փոխարենը, հատկապես փոքր ու միջին գործարարները, ովքեր հասցրել են թերթել այդ հարյուրավոր էջերը, ասում են, որ իրենց հարկային բեռն ավելանում է:

Սամսոն Գրիգորյանը նաև փոքր բիզնես ունի․ - «ՀԴՄ-ով տպված չեկերի ընդհանուր գումարը տարվա շրջանառությամբ պետք է լինի 115 միլիոն դրամ՝ այսօրվա օրենքով: Մենք մուծում ենք [որպես հարկ] 5 տոկոս ամբողջ շրջանառությունից: Հիմա, եթե իջեցնենք 40 միլիոնի, էլի մնալու է նույն 5 տոկոսը, բայց արդեն 40 միլիոնի շեմը անցնողը ավտոմատ ընկնում է ավելացված արժեքի հարկի ընդհանուր դաշտը»: Իսկ դա, ըստ Գրիգորյանի, ավելացնում է փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը:

«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, հնարավոր է, որ ունենանք լավ Հարկային օրենսգիրք, սակայն իրականության մեջ այն չի օգնի «տանիք» չունեցող գործարարներին․ - «Ինչ-որ չնչին փոփոխություններ դեպի լավը կարող են և լինել: Նույնիսկ կարելի է ասել, որ, ամենայն հավանականությամբ, կլինեն: Բայց հարկերի հավաքագրման խնդիրը կապ չունի Հարկային օրենսգրքի հետ: Հարկային հավաքագրումների խնդիրը պայմանավորված է մեր ընդհանուր տնտեսական համակարգով: Երբ տնտեսական համակարգը օլիգարխիկ է, մոնոպոլիզացված է, կան արտոնյալներ, կան հովանավորյալներ, հարկային բեռը պիտի ընկնի այն գործարարների վրա, որոնք «անտանիք են»»:

Գաղտնիք չէ, թե Հայաստանում հատկապես փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները ինչ տպավորություն են ստանում հարկային մարմինների հետ շփումից: Սիրիահայ Ժակ Կարապետյանը մինչև Երևան տեղափոխվելը հասցրել է աշխատել և՛ Սիրիայում, և՛ Քուվեյթում: «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ամենադժվարը հարկային մարմինների հետ շփումն է․ - «Կարծես, պիտի խղճան քեզ, պիտի օգնեն քեզ․․․ Ուղղություն տվող չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG