Մատչելիության հղումներ

Խաղողագործներից շատերը դեռ չեն ստացել մթերված բերքի գումարը


Գյուղացիները լուրջ խնդիրների առջև են հայտնվել՝ չեն կարողանում մարել վարկերը, նաև չեն կարողանում որոշել իրենց այս տարվա անելիքը:

Խաղողագործներն, ամենայն հավանականությամբ, այս ամիս էլ չեն ստանա դեռ անցած աշնանը մթերած խաղողի գումարը։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գինի ու կոնյակ արտադրողներին իր մոտ էր հրավիրել՝ պարզելու, թե երբ են փակելու պարտքը: «Հորդորում եմ՝ մինչև ապրիլի 1-ը սկսեք վճարումներ իրականացնել»,- դիմելով գործարարներին՝ ասաց նախարարը։

Որպեսզի նախորդ տարվա խնդիրները չկրկնվեն, նախարարը մի կոչ էլ արեց՝ գյուղացիների հետ պայմանագիր կնքել ու մթերման նվազագույն գին սահմանել։ «Առաջիկայում կառավարությունում կհաստատենք, և մեր նպատակն է, որ բոլոր վերամշակողները պայմանագրային հարաբերությունների մեջ մտնեն գյուղացիների հետ: Այդ հարցը տարիներ շարունակ քննարկվել է, բայց վերջնական լուծում չի ստացել»,- ասաց Կարապետյանը:

Արարատցիները խաղողի թաղած ոստերն արդեն հանում են հողի տակից, սակայն վախ ունեն, որ այս տարի էլ բերքն իրացնել չեն կարողանալու։ Ասատուր Սարգսյանը մթերած 15 տոննա խաղողի գումարը՝ 1 մլն 500 հազար դրամը դեռ չի ստացել։ «Ներկա պահին ես ուրիշի գործերն եմ անում տղուս հետ, բանակային ունենք, հիվանդ կին ունենք, մի խոսքով պրոբլեմներ ունենք, վարկեր ունենք։ Սկսել են, չեն կարա թողեն հողի տակ, Աստծո հույսով սպասում ենք, որ գոնե կընդունեն, գոնե փողերը կտան»,- ասում է Ասատուր Սարգսյանը։ «Ժողովուրդը շատ-շատ մի տոննա տանի տուն՝ արաղ քաշի, բայց 20 տոննա ես ստանում եմ, 20 տոննայով ի՞նչ անեմ, վախ կա, որ գինը քցեն խաղողի, ժողովուրդը սկսեն էլի այգիները քանդել»,- հավելում է մեկ ուրիշ խաղողագործ։

Տափերական գյուղում շատերը հրաժարվում են այգի գնալ։ Ասում են՝ գյուղատնտեսական աշխատանքներ սկսելու ոչ սիրտ ունեն, ոչ գումար։ «Գյուղապետարանում ցուցակագրում ու պարարտանյութի փող են ուզում, բայց որտեղի՞ց տանք»,- ասում են նրանք։ «Խաղող են հանձնել, փող չեն ստացել, իսկ էս տարի պետությունը սելիտրա ա տրամադրում, ու նաղդ փող են հիմա հավաքում, որ հունիս ամսին սելիտրա տան», «գյուղացին կրակն ա ընգել իրա հողի ձեռը, ի՞նչ անի, ոչ գիտի քանդի, ոչ գիտի այգին թողի, սաղ թողեցին, չթաղեցին, հիմա էլ ցուրտը տարել ա», «էս տարի ոչ մի բան էլ չենք դնելու, փող չունենք, որ դնենք, որտեղի՞ց դնենք», «ոնց որ ժողովրդի հետ լատարեյ խաղան, էն ժամանակ, որ խաղողը շատ ա լինում, կոպեկներով են ընդունում, չեն ընդունում, ստիպված ժողովուրդը դնում ա քանդում ա, ցորեն ա ցանում, շատ ա լինում՝ էլի ցորենի գինը քցում են, չգիտեն ինչով զբաղվեն»,- դժգոհում են տափերականցիները։

Նրանց խոսքով, գործարանների չվճարած գումարի պատճառով իրենք ավելի մեծ պարտքի տակ են ընկել, չեն կարողանում վարկերը մարել։ Շուրջ 2500 բնակիչ ունեցող գյուղում գրեթե բոլորն են վարկ վերցրել՝ հողը մշակելու համար։ «Ժամանակին տային՝ ավելի լավ կլիներ, դոլարի կուրսը ցածր, հիմա դոլարի կուրսը բարձր ա, էդ կոպեկները տալիս են ի՞նչ անենք, փլավ առնենք ուտենք»։

Տափերականում ոչ միայն խաղողի, այլև մթերված լոլիկի գումարին են սպասում։ Գյուղնախարարի խոստումներին էլ չեն հավատում։ «Էդ նույն նախարարի գործարանն ա էլի էդ պոմիդորի գործարանը, բա խի՞ պոմիդորի փողերը չի տալիս հենց էդ նախարարը, իրա գործարանը չի՞ «Արտֆուդ»-ը», «ես պոմիդորի գործարք եմ արել իրանց հետ, գյուղնախարարի հետ, մինչև հիմա չեմ ստացել փողը, եթե մեր Հայաստանի նախարարությունն ա ասում՝ ես չեմ հավատում արդեն»,- ասում են գյուղացիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG