Մատչելիության հղումներ

«Ակօս»-ը գաղտնազերծել է թուրքական հետախուզության փաստաթուղթը


Ստամբուլում բազմաթիվ ցուցարարներ «Ակօս»-ի խմբագրատան դիմաց նշում են Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցը, արխիվ

Ստամբուլում բազմաթիվ ցուցարարներ «Ակօս»-ի խմբագրատան դիմաց նշում են Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցը, արխիվ

Հետախուզական ծառայությունը հետևել է ոչ միայն Հրանտ Դինքի դատավարությանն ու հայերին, այլև ոչ մահմեդական մյուս փոքրամասնություններին:

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) ուշադրությամբ հետևել է Հրանտ Դինքի սպանության գործի դատավարությանը և հատուկ կազմված գաղտնի փաստաթղթում կանոնավոր արձանագրել դատավարության մանրամասները: Ծառայությունը հավաքել է նաև այդ ժամանակահատվածում ազգային փոքրամասնություններին ու հասարակական նախաձեռնություններին, կազմակերպություններին վերաբերող հետախուզական այլ տվյալներ և այդ ամենն ամփոփել մի ընդհանուր փաստաթղթում:

2011 թվականին կազմված այդ գաղտնի փաստաթուղթը վերնագրված է «Այլ էթնիկ անջատական ակտիվություն», իսկ ենթավերնագիրն է՝ «Արմենիանիզմ»: Փաստաթուղթը հայտնվել է «Ակօս» («Ակոս») թերթի տրամադրության տակ, և թերթը հրապարակել է այն: Հղում անելով «Ակօս»-ի հրապարակմանը, Today’s Zaman-ը գրում է, որ գաղտնազերծված փաստաթուղթը նաև ցույց է տալիս, որ Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը կանոնավոր կերպով հետևել է ոչ միայն Հրանտ Դինքի դատավարությանն ու հայերին, այլև ոչ մահմեդական մյուս փոքրամասնություններին՝ արձանագրելով նաև նրանց գործունեության ակտիվությունը:

Գաղտնի փաստաթղթում 2011-ի մարտի 1-ից մինչև 30-ը ընկած ժամանակահատվածի կտրվածքով փաստավավերագրված է հայերի, հույների, սիրիացի քրիստոնյաների և ոչ մահմեդական այլ փոքրամասնությունների ակտիվությունը: Ըստ «Ակօս»-ի հաղորդման՝ հետախուզական կազմակերպությունն այդ տվյալները պարունակող փաստաթուղթն ուղարկել է Թուրքիայի ոստիկանության բոլոր բաժանմունքներին, քրեական հետախուզական բոլոր բաժիններին՝ վերջինների գործունեությանը նպաստելու, օժանդակելու համար:

Գաղտնի փաստաթղթի հրապարակմամբ բացահայտվել է, որ հետախուզությունը կանոնավորապես հետևել և արձանագրել է նաև քաղաքացիական տարբեր կազմակերպությունների ու նախաձեռնությունների գործունեությունը: Նշված են մի շարք կազմակերպությունների անվանումներ, այդ թվում՝ «Մայրեր հանուն խաղաղության», «Ժողովրդական տներ» կազմակերպությունները, ուսանողական կոլեկտիվներ, «Ազատություն և համերաշխություն» կուսակցությունը:

Թուրքական հետախուզությունը նույնիսկ հետևել ու արձանագրել է, թե Դինքի ընտանիքն ինչպես է ծախսել Եվրադատարանի որոշմամբ ստացած փոխհատուցման գումարները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Դինքն ընդդեմ Թուրքիայի» գործով վճիռը կայացրել էր 2010-ի սեպտեմբերի 14-ին, համարելով, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի երկրորդ և տասներորդ հոդվածները, որոնք վերաբերում են կյանքի իրավունքին և արտահայտվելու ազատություններին:

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը, փաստելով, որ Թուրքիան 2011-ի մարտի 8-ին 105 հազար եվրո փոխհատուցում է վճարել Դինքի ընտանիքին, հետևել և արձանագրել է, թե ինչպես են տնօրինվել այդ գումարները: «Այդ հարցի հետ կապված՝ պարզվել է, որ Դինքի ընտանիքը հանգանակություն է կատարել «Հրանտ Դինքի անվան կրթաթոշակ հիմնադրամ»-ին՝ կրթությանը աջակցելու նպատակով: Հանգանակություն է կատարվել նաև Կենտրոնական հայկական բարձր դպրոցին՝ աջակցելու համար հայկական մշակույթի և հայոց լեզվի ուսուցմանը Թուրքիայում: Նվիրատվություն է կատարվել Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցուն՝ օգնելու համար Թուրքիայում հայ միգրանտների երեխաների ուուցմանը»,- նշված է Թուրքիայի հետախուզական ծառայության գաղտնազերծված փաստաթղթում:

«Ակօս» թերթի հիմնադիր, գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը 2007-ի հունվարի 19-ին սպանվեց խմբագրության շենքի մուտքի դիմաց: Սպանության անմիջական կատարողն ու կազմակերպիչը ձերբակալվել ու դատապարտվել են, իսկ սպանությանը ոստիկանության, քրեական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաների, գործակալների առնչություն ունենալու, կամ սպանությունը չկանխելու, ծառայողական անփութություն դրսևորելու գործերով հարցերը վերաբացվել են: Այդ դրվագներով մեղադրանքների քննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG