Մատչելիության հղումներ

Դավիթ Լոքյանը Շիրակի մարզում խոսեց «մարզերի հզորացման» մասին


Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացնում է Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին, Գյումրի, 4-ը մարտի, 2016թ.
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացնում է Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին, Գյումրի, 4-ը մարտի, 2016թ.

Տարածքային կառավարման նախարարը հայտարարեց, որ «Տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» է մշակվում։

Տարածքային կառավարման և զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանն այսօր իր կուսակից նորանշանակ մարզպետին ներկայացնելու համար հասել էր Գյումրի: 2000-ականներին շուրջ հինգ տարի գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Լոքյանը պնդեց` ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքում, և հիմա կառավարության գերխնդիրն է փոխել այդ իրավիճակը:

«Եթե մենք չենք հզորացնում մարզերը, չենք հզորացնում համայնքները, չենք բերում հավասարաչափության մեխանիզմը երկրի մեջ, շատ դժվար ենք մենք կարողանալու մեր ժողովրդի օրեցօր աճող պրոբլեմները լուծել։ Երկրի տնտեսական պոտենցիալի շուրջ 57 տոկոսը կենտրոնացած է մայրաքաղաքում, և աստիճանաբար մարզերում մեկ շնչին ընկող ՀՆԱ-ն պակասում է։ Այսինքն անհավասարությունը խորանում է, քանի որ մենք չենք կարողացել բիզնեսը տեղափոխել մարզեր։ Այսօր երկիրը փոխում է իր ռազմավարությունը, մենք սկսում ենք մի մեծ ծրագիր, որը կոչվում է «Տարածքների տնտեսական զարգացման ծրագիր»,- ասաց նախարարը։

Լոքյանը թվարկեց մի քանի եվրոպական երկրներ, որոնց մոդելով պետք է Հայաստանը մոտենա արևմտյան չափանիշներին` զգալի կրճատելով աղքատությունը:

«Մենք պետք է ունենանք տնտեսական ռազմավարություն յուրաքանչյուր բնակավայրի համար։ Նայելով 2015 թվականին Հայաստանի Հանրապետություն ներկրված ապրանքատեսակների ցանկը՝ մենք կտեսնենք, որ շուրջ 500 և ավելի ապրանքներ կան այդ ցանկում, որոնք մենք շատ հեշտությամբ կարող ենք Հայաստանում արտադրել։ Դրանց սպառումը մենք ունենք, դրանք մենք ներկրում ենք այսօր։ Պետք է լինի տնտեսական ռազմավարություն, որին պետք է հաջորդի դրա ծրագիրը, ծրագրին հաջորդում է ֆինանսական պլան, թե յուրաքանչյուր օբյեկտը ինչ միջոցով և ինչ ժամկետում պետք է կառուցվի։ Դրա հաջորդ փուլը պետք է լինի ճանապարհային քարտեզը»։

Շիրակի մարզը ամենաաղքատ մարզն է, որտեղ մեծ է նաև արտագաղթի ցուցանիշը: Նոր մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ով մինչ այս Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալն էր, պնդեց, թե գիտի մարզի խնդիրները, միաժամանակ հավելելով` դրանք ինքը միայնակ չի կարող լուծել:

Իսկ ո՞ւմ հետ է մտադիր աշխատել, և կլինե՞ն արդյոք կադրային կրճատումներ։ «Էն, ինչ որ ինձ կարող էր տհաճ թվալ ժամանակին, ես ինքս չեմ անելու ոչ մեկի նկատմամբ։ Ինձ համար նշանակություն չեն ունենալու աշխատողների քաղաքական հայացքները, տեսքը, գույնը, հավատամքը... ինձ համար կարևոր կլինի նրանց աշխատանքը։ Էն մարդիկ, ովքեր կաշխատեն, կբավարարեն պահանջներին, պաշտոնի անձնագրերին, խնդիր չեն ունենալու։ Էն մարդիկ, ովքեր չափորոշիչներին չեն բավարարի, իհարկե, ցտեսություն, կգնան իրենց տուն կամ այլ աշխատանքի»,- ասաց Սիմոնյանը։

Քանի որ մարզը մի քանի տարի առաջ արդեն դաշնակցական ղեկավար ունեցել է, ում պաշտոնավարման ժամանակ դաշնակցականացվեցին մի շարք կառույցներ, Հովսեփ Սիմոնյանից հետաքրքվեցինք` ինքն է՞լ է նույն ոգով աշխատելու:

«Հիմա մարզպետը ես եմ՝ Հովսեփ Սիմոնյանը։ Եվ պատասխան եմ տալու իմ արարքների, իմ կատարած գործերի համար»,- ասաց նա։

Ի դեպ, երեք տարի առաջ Հովսեփ Սիմոնյանը առաջադրվել էր Գյումրիի քաղաքապետի թեկնածու` պարտվելով Սամվել Բալասանյանին, ով այսօր ներկա էր նոր մարզպետի ներկայացմանը: Հաշվի առնելով վերջինիս հետ լարված հարաբերությունները՝ հետաքրքրվեցինք՝ կստացվի՞ արդյոք համագործակցությունը։

«Տեսաք ոնց էինք աշխատում, ես ուզում եմ, որ դուք հարցերը ուղղեք ոչ թե քաղաքապետի թեկնածու Հովսեփ Սիմոնյանին, այլ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին։ Վստահեցնում եմ, որ չեմ լինելու Շիրակի մարզպետ, այլ ամբողջ ուժերս ներդնելու եմ՝ դառնալու Շիրակի ժողովրդի մարզպետ», - հայտարարեց նա։

Հովսեփ Սիմոնյանը երեկ ասել էր, թե Գյումրին ընդդիմադիր քաղաք չէ, այլ լավ քաղաք է: Լրագրողները հարցրեցին՝ մի՞թե ընդդիմադիր լինելը վատ բան է։

«Չէ, բայց ի՞նչ է նշանակում ընդդիմադիր։ Մարդիկ շնորհակալ չէի՞ն, որ պետությունը լիքը շենքեր կառուցեց և տրամադրեց։ Էդ ժամանակ ընդդիմադիր չէին, չէ՞։ Էստեղ խոսքը գնում է՝ նայած երբ։ Ինչու չէ՝ ընդդիմադիրն էլ է լավ... Չի կարելի ամեն անգամ ասել, որ Գյումրին ընդդիմադիր է։ Ո՞վ ասաց, որ ընդդիմադիր է։ Վաղը շատ ավելի լավ գործառույթներ կլինեն, կլինի ամենաառաջնայինը, կգովաբանի և կփառաբանի կառավարությանը։ Ճիշտ աշխատանքով, լավ աշխատանքով [պետք է իշխանամետ դարձնել]»,- ասաց Սիմոնյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG