Մատչելիության հղումներ

logo-print

Փորձագետ․ Էլեկտրոնային գրանցման համակարգը չի կանխի ընտրակեղծիքները


Ընտրական գործընթացների մասնագետ Համազասպ Դանիելյանը:

Ընտրական գործընթացների մասնագետ Համազասպ Դանիելյանը:

Ընտրական գործընթացների մասնագետ Համազասպ Դանիելյանի կարծիքով, այս տեսքով էլեկտրոնային գրանցումը նաև նոր ռիսկեր է առաջացնում:

Ըստ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի, ընտրողներին գրանցելու է տեղամասում գտնվող հատուկ մասնագետը՝ էլեկտրոնային համակարգի միջոցով, որը ճշտելու է՝ արդյո՞ք քաղաքացին ընդգրկված է ընտրողների ցուցակում և արդյո՞ք չի քվեարկել: Եթե ընտրողը քվեարկի կենսաչափական անձնագրով կամ նույնականացման քարտով, համակարգչի էկրանին կերևա նրա նկարը: Եթե համակարգը ընտրողին ճանաչի ու տա քվեարկելու իրավունք, ապա ավտոմատ տպվելու է քվեարկության թերթիկը:

Ընտրական գործընթացների մասնագետ Համազասպ Դանիելյանի խոսքով, նախագծում համակարգը հանգամանորեն չի նկարագրված, իսկ «այս տեսքով էլեկտրոնային գրանցումը ոչ միայն չի լուծում ընտրակեղծիքների բացառման հարցը, այլև նոր ռիսկեր է առաջացնում»:

Ըստ Դանիելյանի, եթե ցուցակներից չհանվեն մահացած և երկրից հեռացած մարդկանց անունները, ոչինչ չի փոխվի․ - «Ցուցակների վստահելիությունն է թիվ մեկ խնդիրը: Այդ խնդիրը չի լուծվում, որովհետև դու ունես պատից կախված կամ police.am կայքում դրված ցուցակ թե տեղամասում դրված ցուցակ, և եթե այդ ցուցակում կան լուրջ խնդիրներ, չի արտացոլվում իրական ընտրողների թիվը, այդ խնդիրը չի լուծվելու: Պրոցեսն է բարդանում, պրոցեսը թանկանում է թե՛ ժամանակի, թե՛ այլ ռեսուրսների առումով: Մինչդեռ նույն վստահության բարձրացման առումով ամենակարևորագույն քայլը կլիներ, որ փաստաթղթի ստեղծման ընթացքում հասարակությունը հնարավորություն ունենար բավարար ժամկետում մասնակցել»:

Մյուս խնդիրը, փորձագետի կարծիքով, այն է, որ նախկինում հանձնաժողովների անդամներն ու դիտորդները կարող էին ստուգել ընտրողի ինքնությունը, իսկ նախագծով այդ պատասխանատվությունը դրվում է մեկ անձի՝ մասնագետի վրա․ - «Եթե նախկինում ընտրողի փաստաթղթին՝ անձնագրին ծանոթանալու հնարավորություն կար առնվազն երկու կետում, մեկը՝ գրանցվելիս, մյուսը՝ քվեաթերթիկը քվեատուփ նետելիս, հիմա մի մարդ է, ով ամբողջ օրը իրականացնելու է գրանցման գործընթացը, և այդ մարդուց է կախված իդենտիֆիկացիան»:

Իշխող Հանրապետականը էլեկտրոնային քվեարկությունը ներկայացնում է որպես առաջընթաց: Նախագիծը, սակայն, էլեկտրոնային է դարձնում միայն գրանցման փուլը:

Ընդդիմադիրները հակադարձում են՝ այս փոփոխությունը էական արդյունքի չի բերի, եթե տեղամասերի տվյալները ցանցով կապված չլինեն:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, մինչդեռ, այլ կարծիքի է․ - «Ես դեմ եմ, որպեսզի համակարգը, որը գրանցում է ընտրողին ընտրական տեղամասում, լինի ցանցային: Որովհետև ցանցային համակարգը նշանակում է լրացուցիչ մի հնարավորություն՝ խափանելու ցանցի աշխատանքը: Անգամ ոչ թե խափանելու դիտավորյալ, այլև՝ զուտ տեխնիկական պատճառներով․․․․ երբեմն ինտերնետն է անհետանում»:

«Քաղաքացի դիտորդ» խմբի անդամ Լևոն Բարսեղյանը վստահ է, որ իշխանությունները էլեկտրոնային գրանցման հնարավորությունը հեշտորեն կարող են օգտագործել իրենց օգտին, քանի որ համակարգի մշակողն ու կիրառողն իրենք են․ - «Էլեկտրոնային կապի մեջ իշխանությունը կարող է նույնպես չարաշահում անել: Իր մարդկանց, իր ուղարկած հրոսակախմբերին, կամ իր օլիգարխներին, կամ հանցագործ խմբավորումներին, որոնք որ ամեն անգամ ընտրություն են կեղծել, տեղամասեր ուղարկելիս՝ որպես քվեարկողներ, պիտի համակարգը իրենց ճանաչի որպես առաջին անգամ քվեաթերթիկ ստացող: Ամեն անգամ: Եթե դու ուզում ես այդ միջոցով մարդուն նույնականացնել, ի՞նչն է քեզ խանգարում հրապարակել ընտրություններին մասնակցածների ցուցակները, որպեսզի մեր կասկածներն իսպառ փարատվեն»:

Դիտորդները մտավախություն ունեն, որ էլեկտրոնային գրանցումը կարող է նաև ճնշման միջոց լինել․ - «Հատկապես տարեցներին, ավագ սերնդի մարդկանց կարող են ասել՝ գիտեք, եթե այս ու այս պրոցեսներով ձեզ քվեաթերթիկ տրվեց, դուք պիտի քվեարկեք իշխանության միակ լուսավոր կուսակցության օգտին: Եվ շատերը կազդվեն: Մինչև հիմա են ազդված եղել՝ գրիչի վրա տեսախցիկ կա, հոպար․․․ քվեախցում տեսախցիկ տա, դու չես տեսնում էդ տեսախցիկը․․․ Եվ պատկերացրեք, այդ մարդը գործ է ունենալու նաև ինչ-որ սարքուսուրքի հետ»:

XS
SM
MD
LG