Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը հորդորում է մինչև ապրիլի 1-ը ավարտել մթերված խաղողի դիմաց վճարումները


Խաղողի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Խաղողի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խաղող վերամշակող ընկերություններին հորդորել է մինչև ապրիլի 1-ը ավարտին հասցնել մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին վճարումների կատարումը:

Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, երեկ Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել՝ նախորդ տարի մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման, պատրաստի արտադրանքի իրացման, 2016 թվականի մթերման ծրագրերի և ոլորտում առկա խնդիրների քննարկման նպատակով:

«Անցած տարի լուրջ խնդիրներ առաջացան մթերումների հետ կապված, և մենք պետք է ջանքեր գործադրենք այս տարի դրանցից խուսափելու համար` առաջին հերթին վերամշակող ընկերությունների և գյուղացիական տնտեսությունների միջև պայմանագրերի կնքման միջոցով, ինչը թույլ կտա հստակեցնել կողմերի պարտավորությունները, մասնավորապես` վճարումների պայմաններն ու ժամկետները», - ասել է նախարարը խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ:

Անդրադառնալով նախորդ տարի խաղողի մթերումների հարցում ծագած խնդիրներին` Կարապետյանը նշել է, թե կառավարությունը, հաշվի առնելով, որ ընկերությունները շրջանառու միջոցների խնդիրներ ունեին, մատչելի վարկեր տրամադրեց նրանց: Մի շարք ընկերություններ օգտվեցին այդ հնարավորությունից, և այժմ էլ պետությունը պատրաստ է օժանդակել բոլոր այն ընկերություններին, որոնք համապատասխան գրավի առարկա կարող են ներկայացնել:

Նա ընդգծել է, որ այժմ առաջնահերթ է վճարումների իրականացման հարցը` հատկապես հաշվի առնելով այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքների սովորականից ավելի վաղ սկսվելու հանգամանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG