Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանը կշարունակի մնալ անազատության մեջ


Բողոքի ակցիա ի պաշտպանություն ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի, Երևան, 15-ը փետրվարի, 2016թ․
Բողոքի ակցիա ի պաշտպանություն ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի, Երևան, 15-ը փետրվարի, 2016թ․

Ամանորի գիշերը կալանավորված Գևորգ Սաֆարյանը կշարունակի մնալ անազատության մեջ․ Վերաքննիչ դատարանն այսօր հետաձգեց խափանման միջոցը փոխելու հայցի քննությունը՝ փաստաբանի պահանջով։

«Մենք միջնորդեցինք, որ Գևորգի ներկայությունն ապահովվի, որովհետև շոշափվում է նրա քաղաքական գործունեությունը: Գևորգ Սաֆարյանը հայտարարում է, որ ինքը կալանավորված է իր քաղաքական հայացքների համար, և մեր կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ Գևորգ Սաֆարյանը բացատրություններ տար դատարանին, և նախագահող դատավորը անձամբ Գևորգ Սաֆարյանից լսեր բոլոր այն բացատրությունները և հիմնավորումները, որ մենք նշել ենք մեր վերաքննիչ բողոքում», - «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Սաֆարյանի իրավունքների պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Տասն օր առաջ դատարանը ևս մեկ ամսով երկարաձգեց ակտիվիստի կալանքը՝ պնդելով, թե ազատության մեջ Սաֆարյանը կարող է խոչընդոտել քննությանը։ Այժմ, երբ նախաքննությունն ավարտվել է, պաշտպան Տիգրան Հայրապետյանը պնդում է՝ ակտիվիստին կալանքի տակ պահելու հիմքեր այլևս չկան:

«Եթե պատշաճ քրեական իրավունքի մասնագետ լինի դատավորը, բնականաբար, մեր բողոքը պետք է բավարարվի և Գևորգը պետք է ազատ արձակվի», - նշում է նա:

Հայրապետյանի խոսքով, թեև «Հիմնադիր խորհրդարանի» հրապարակած տեսանյութում երևում է՝ ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում, հարվածներով գետնին տապալում տոնածառի կերպարանափոխված ակտիվիստին, քննիչն այլ բան է արձանագրել։

«Այսպես է ներկայացվում՝ որ ոստիկանները մոտեցել են, շնորհավորել են Նոր տարին, բարեմաղթանքներ են տվել և ասել են այդ երիտասարդին՝ խնդրում ենք հեռացրեք այդ տոնածառի զարդերը, որպեսզի տեսնենք՝ արդյո՞ք արգելված իրեր պահվում են դրա ներսում, թե՞ ոչ», - ասում է պաշտպանը:

«Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ Գագիկ Եղիազարյանն անձամբ է տոնածառի հանդերձանքով ընկերոջը Ազատության հրապարակ ուղեկցել, ասում է՝ ոստիկանական բռունցքները զգացել են անմիջապես։

«Հստակ երևում է կադրերի մեջ՝ ինչպես է մի ոստիկանը բազում անգամներ հարվածում քաղաքացիներին: Դու գնում ես, բացահայտ փաստերը դնում ես, ասում ես, որ՝ էս ոստիկանը էսպես ա արել, ասում են՝ չէ, չի արել, դու հիմար ես, դու չես տեսել, քեզ չեն հարվածել», - նշում է Եղիազարյանը:

Ամանորի գիշերն Ազատության հրապարակում մոտ կես ժամ շարունակված բռնությունները տեսանկարահանել են նաև ոստիկանները, սակայն, ըստ փաստաբանի, նախաքննական մարմնին ներկայացրել են ընդամենը մեկ րոպեանոց մոնտաժված տեսանյութ։

«Բայց էդ մեկ րոպեում երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները հայհոյում ակցիայի մասնակիցներին, ակցիայի մասնակիցներն էլ՝ իրենց: Մենք պատրաստվում ենք այս տեսաձայնագրությունն ուղարկել ոստիկանապետին: Չի կարող անձը աշխատել ոստիկան ու այսպիսի սարսափելի հայհոյանքներ ուղղել քաղաքացիներին», - ասում է փաստաբանը:

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Սաֆարյանի գործը առաջիկա օրերին արդեն կմտնի դատարան, փաստաբանը շարունակում է պնդել՝ մեղադրանքը շինծու է՝ նախաքննությունն ընթացել է խայտառակ բացթողումներով։

«Միշտ հակասություններ են եղել, վերջում քննիչը հասկացել է ինչ պետք է անի՝ վերցրել է տեսահոլովակը և փորձել է այդ տեսահոլովակի շրջանակներում ցուցմունքները համապատասխանեցնել: Բառացիորեն, տառացիորեն կրկնվում են ցուցմունքները», - նշում է պաշտպանը:

XS
SM
MD
LG