Մատչելիության հղումներ

logo-print

Շարմազանով. Նախնական հենքը կա՝ ունենալու ավելի ժողովրդավարական Ընտրական օրենսգիրք


Էդուարդ Շարմազանով, արխիվ

Էդուարդ Շարմազանով, արխիվ

ԸՕ նախագիծը կքննարկվի շահագրգիռ բոլոր կողմերի հետ, ասաց ՀՀԿ խոսնակը։

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ ընդդիմադիրների այն պնդումներին, թե նոր Ընտրական օրենսգրքի նախագծում հետընթաց կա, և որ դրանում ընդգրկված չեն ընդդիմության ու քաղաքացիական հասարակության առաջարկները։

«Եթե ինչ-որ մի բանով միգուցե հետընթաց է, ապա ես դրա հետ համամիտ չեմ։ Բազում սկզբունքներ կան, որտեղ մենք տեսնում ենք լուրջ առաջընթաց, որովհետև դրա մասին խոսել են նաև մեր գործընկերները», - երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հիմնական քննարկումները կծավալվեն Ազգային ժողովում, կլինեն նաև լսումներ, հարցը կքննարկվի շահագրգիռ բոլոր կողմերի հետ։ «Մենք ականջալուր պետք է լինենք նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքներին, ընդդիմության կարծիքներին, և պետք չէ այսօր այսպես կատեգորիկ կերպով ասել, որ մերժվել են ընդդիմության կամ քաղհասարակության առաջարկները», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Կառավարությունը, հիշեցնենք, երեկ հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Շարմազանովը նշեց, որ բազում են օրինակները, երբ կառավարությունը ներկայացնում է մի օրինագիծ և այդ օրինագիծը փոփոխությունների է ենթարկվում՝ հաշվի են առնվում և՛ ընդդիմության, և՛ քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկները։ «Ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք Ընտրական օրենսգիրք, որը շատ-շատ ավելի լավն է, ավելի ժողովրդավարական է, ավելի պրակտիկ է, գրեթե զրոյի է հասցնելու թեկուզ տեսական խախտումների կամ կրկնակի քվեարկության հնարավորությունը, և նաև դա լինելու է այն օրենսգիրքը, որտեղ հաշվի են առնվել թե՛ 2012-ի, թե՛ 2013 թվականի միջազգային մեր գործընկերների դիտողություններն ու առաջարկները։ Նախնական հենքը և հիմքը կա, և դա բավարար հիմք է, որպեսզի մենք ունենանք նոր, ավելի ժողովրդավարական Ընտրական օրենսգիրք», - ասաց Շարմազանովը։

Քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակելու՝ ընդդիմադիրների պահանջը ներառված չէ Ընտրական օրենսգրքի նախագծում։ Շարմազանովը նշեց, որ ցուցակների հրապարակման հետ կապված կա Սահմանադրական դատարանի որոշում, և այդ որոշումը պարտադիր է բոլորի համար։

Ըստ Սահմանադրական դատարանի որոշման, հիշեցնենք, ցուցակների հրապարակումը համարվում է գաղտնիության սկզբունքի խախտում։

Հարցին, թե ո՞ր կետերն են առաջընթաց համարվում նոր Ընտրական օրենսգրքի նախագծում, Շարմազանովը պատասխանեց. - «Էլեկտրոնային գրանցումը, էլեկտրոնային քվեարկությունը, օրինակ, համամասնական ընտրակարգը, ռեյտինգային քվեարկությունը»։

XS
SM
MD
LG