Մատչելիության հղումներ

Տաքսիստները հերթական դիմում-բողոքը ներկայացրին կառավարություն


Երևան -- Տաքսիստ Լևոն Եղոյանը ասում է՝ այլևս չի կարողանում իր աշխատանքով ընտանիք պահել, 3-ը մարտի, 2016թ․

Երևան -- Տաքսիստ Լևոն Եղոյանը ասում է՝ այլևս չի կարողանում իր աշխատանքով ընտանիք պահել, 3-ը մարտի, 2016թ․

Լևոն Եղոյանը տաքսի է վարում արդեն 16 տարի: Ասում է՝ հիմա էլ, ինչպես տարիներ առաջ, լուսաբացին է տնից դուրս գալիս ու վերադառնում կեսգիշերին, բայց այլևս չի կարողանում յոթ հոգանոց ընտանիքի ծախսերը հոգալ․․․

2007-ից, երբ կառավարությունը հաստատեց մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների լիցենզավորման կարգը, հարկավճարները, Եղոյանը միայն պարտքեր է կուտակում: Նեղսրտում է՝ խոստումները, թե դեղին պետհամարանիշները, հաշվիչ սարքը, տաքսու տարբերանշանն ու պարտադիր տեխզննման պահանջը իրենց օգտին կլինեն, կանգառներում էլ իրենց տարածքներ կհատկացվեն, այդպես էլ իրականություն չդարձան:

«Հիմա կայանատեղը չլինելու պատճառով տաքսին մուտք է գործել կանգառ: Բացահայտ տեսնում եք՝ տաքսի է կանգնել, ճանապարհը խցանվեց», - ասում է տաքսիստը, - «Ամբողջ կենտրոնում թաք մի հատիկ կայանատեղ կա՝ Երիտասարդական մետրոյից վերև, չորս մեքենայի տեղ է ընդամենը: Եթե կայանատեղը լինի ընենց տեղ, որ մարդ չի մոտիկանում տաքսուն, էդ մարդը ըդտեղ իրեք ժամ կանգնի՝ ի՞նչ անի»:

Լևոնի խոսքով, ամեն տարի լիցենզավորման կարգում փոփոխությունները հավելյալ խնդիրներ են ստեղծում իրենց համար, ապահովագրական կազմակերպություններն էլ տաքսու վարորդների համար գլխացավանք են դարձել: Ասում է՝ պարտաճանաչ վճարում են, բայց հարկ եղած դեպքում վնասի փոքր մասն է միայն փոխհատուցվում․ - «Էսօր, ասենք, դետալ կա մեքենայի վրա՝ կարող է լուսարձակը արժենա 50 հազար դրամ, ԱՊՊԱ-ն քեզ տալիսա 25 հազար դրամ: Տարեկան կտրվածքով ԱՊՊԱ-ն տաքսին արվումա 100,000 դրամ, 12,000 ամեն ամիս կտրոնի գումարնա, տարեկան 25,000 դրամ լիցենզիայի գումարնա: Նայեք ինչ ահռելի մեծ գումարա կազմում»:

Լիցենզավորման կարգից դժգոհ վարորդներն այսօր հերթական անգամ հավաքվել էին կառավարության շենքի առջև: Բողոքի ցույցի դուրս եկած Լևոնին ու մի քանի տասնյակ տաքսու վարորդ-ընկերներին տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալը երեկ չհանդիպեց, թեև խոստացել էր: Այսօր էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չընդունեց նրանց: Ստիպված՝ 24 կետանոց իրենց դիմում-առաջարկը երկրորդ անգամ ներկայացրին կառավարության դիմում-բողոքների բաժին:

Վարորդները դժգոհում էին՝ արդեն չեն հիշում, թե քանի անգամ են կառավարություն եկել ու 1000 վարորդի ստորագրությամբ իրենց առաջարկները այս կամ այն պաշտոնյային հանձնել՝ տրանսպորտի ու կապի նախարարից մինչև նախագահ:

XS
SM
MD
LG