Մատչելիության հղումներ

Ստամբուլում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում գործած կանայք սպանվել են


Երկու զինված կանայք այսօր Ստամբուլում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա։ Լրատվական գործակալությունների տվյալներով՝ նրանք, շրջափակման մեջ հայտնվելով, սպանվել են։

Ստամբուլի Բայրամփաշա արվարձանում գտնվող ոստիկանության բաժանմունքում, որի վրա հարձակվել են այս կանայք, տեղակայված են արագ արձագանքման ստորաբաժանումները։ Կանանցից մեկի ձեռքին հրազեն, մյուսի ձեռքին՝ նռնակ է եղել։ Երկուսի դեմքերն էին փակված էին։

Ըստ տարբեր աղբյուրների՝ կանայք նախ կրակահերթեր են բաց թողել ոստիկանական ավտոբուսի, ապա՝ նռնակ նետել ոստիկանների ուղղությամբ, սակայն նռնակը չի պայթել։ Որոշ աղբյուրների համաձայն՝ մեկ-երկու ոստիկան թեթև վնասվածքներ է ստացել։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Թուրքիայում արգելված Հեղափոխական ժողովրդական ազատագրման կուսակցություն-ճակատը (DHKP-C): Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ ծայրահեղ ձախակողմյան այս խումբը տասնյակ ոստիկանների և սովորական քաղաքացիների է սպանել վերջին երեք տասնամյակում։ DHKP-C-ի նպատակն է ստեղծել մարքսիստական կառավարություն Թուրքիայում և պայքարել, այսպես կոչված, ամերիկյան իմպերիալիզմի դեմ։

Ոստիկանական բաժանմունքի վրա կրակահերթեր արձակելուց հետո կանայք պատանդ են վերցրել տաքսու վարորդին և պահանջել, որպեսզի դեպքի վայրից իրենց տեղափոխի։ Ոստիկանությունը սկսել է հետևել մեքենային, և ենթադրյալ ահաբեկիչները շրջափակման մեջ են հայտնվել։

Իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են իրականացրել կանանց ձերբակալելու համար։ Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ գործի են դրվել անգամ ոստիկանական ուղղաթիռներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG