Մատչելիության հղումներ

ԶՈւ ԳՇ պետը հորդորել է հատուկ ուշադրության դարձնել զինտեխնիկայի պահպանման պայմաններին


Սեյրան Օհանյան և Յուրի Խաչատուրով, արխիվ
Սեյրան Օհանյան և Յուրի Խաչատուրով, արխիվ

Պաշտպանության նախարարությունում մարտի 1-ին անցկացվել է խորհրդակցություն պաշտպանության նախարարության, զինված ուժերի և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի և բանակային զորամիավորումների հրամանատարների մասնակցությամբ:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, խորհրդակցությունը նվիրված էր զինված ուժերի կառավարման խնդիրների և կիրառման պլանների քննարկմանը, զինծառայության անվտանգության կանոնների պահպանման ու զինված ուժերի մարտունակության բարձրացմանը միտված քայլերի ու միջոցառումների իրականացման ընթացքին:

Խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է զինված ուժերի մարտունակության և զինանձնակազմի պատրաստության շարունակական ամրապնդմանը միտված միջոցառումների, առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների անվտանգության ապահովման և ծառայություն արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի անհրաժեշտությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նաև, որ չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել ամրաշինական կառույցների ամրապնդման, սպառազինության անվտանգ շահագործման հարցերին, և նշել է, որ այդ առումով 2016 թվականին հետևողական աշխատանք է տարվելու:

ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իր հերթին խորհրդակցության մասնակիցներին հորդորել է առանձնակի ուշադրության դարձնել զորամասերում զինտեխնիկայի պահպանման պայմաններին և մարտական պատրաստության խնդիրներին։

Ընդգծելով, որ հակառակորդի հնարավոր գործողությունները կանխարգելելու գրավականը հայկական զինված ուժերի մարտական պատրաստության և պատրաստվածության բարձր աստիճանն է, ԶՈւ ԳՇ պետը շեշտել է, որ յուրաքանչյուր զինծառայողի պարտքն է ընթացիկ ուսումնական տարին ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի շարունակական բարձրացման:

Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով ընթացիկ և հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և արտապլանային աշխատանքները՝ Օհանյանն ու Խաչատուրովը խորհրդակցության մասնակիցներին տվել են անհրաժեշտ ցուցումներն ու հրահանգները, ներկայացրել են կիրառման պլաններին առնչվող մի շարք դիտարկումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG