Մատչելիության հղումներ

Պուտինն առաջարկել է սառեցնել նավթարդյունահանման ծավալը


Ռուսաստանի նախագահը երեկ խորհրդակցության էր հրավիրել երկրի նավթարդյունահանող խոշոր ընկերությունների ղեկավարներին և առաջարկել մինչև տարեվերջ սառեցնել նավթի արդյունահանումը այս տարվա հունվարի ցուցանիշների մակարդակի վրա:

Ռուսաստանի ազգային տարադրամը՝ ռուբլին, շարունակում է արժեվորվել՝ ԱՄՆ մեկ դոլարն այսօր արժե 74.5 ռուբլի: Ընդամենը մեկ օրում դոլարը կորցրել է 1.8 ռուբլի:

Ռուբլու արժեվորումը պայմանավորված է նավթի գների աճով, ուստի երկրի իշխանությունները անում են հնարավորը՝ նավթի գնանկում թույլ չտալու համար: Նավթի մեկ բարելի գինն այսօր անցել է 36 դոլարից:

Ռուսաստանի նախագահը երեկ խորհրդակցության էր հրավիրել երկրի նավթարդյունահանող խոշոր ընկերությունների ղեկավարներին և առաջարկել մինչև տարեվերջ սառեցնել նավթի արդյունահանումը այս տարվա հունվարի ցուցանիշների մակարդակի վրա: Խորհրդակցության մասնակիցները, բնականաբար, իրենց աջակցությունն են հայտնել երկրի ղեկավարի առաջարկած ծրագրին:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը իր հերթին հայտարարել է, որ նավթարդյունահանող 15 այլ երկրներ արդեն հրապարակավ համաձայնել են նույնպես սառեցնել նավթի արդյունահանումը այս տարվա հունվարի ցուցանիշների մակարդակի վրա:

«Ռոսէներջի» ընկերության փորձագետ Միխայիլ Կրուտիխինը գրում է, թե Ռուսաստանում «սև օրվա» համար հավաքված միջոցները սպառվում են, և եթե նավթի գինը չբարձրանա 35 դոլարից, տարեվերջին այդ գումարները կսպառվեն: Այդ դեպքում իշխանությունը ստիպված կլինի ծախսել Ազգային բարեկեցության հիմնադրամի գումարները: Ուստի, Կրեմլի պատկերացմամբ, նման իրավիճակում օգնության ձեռք պիտի մեկնեն նավթարդյունահանող խոշոր ընկերությունները:

Նավթի գները բարձրացան այն բանից հետո, երբ փետրվարին մի շարք երկրներ պայմանավորվեցին սառեցնել նավթի արդյունահանումը: Նավթի ամերիկյան կենտրոնի տվյալներով, մինչդեռ, նավթի համաշխարհային պաշարներն ավելացել են, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի նավթի գնանկմանը:

Հարկ է հիշեցնել, որ գալիք սեպտեմբերին Ռուսաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, ուստի երկրի իշխանություններն ամեն բան կանեն՝ խուսափելու սոցիալական լարվածությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG