Մատչելիության հղումներ

Վարդան Պետրոսյանը պատրաստ է վճարել՝ «միայն թե գործն ավարտվի»


Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով հերթական դատաքննությունը, ամենայն հավանականությամբ, վաղը կավարտվի:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում դերասանի և տուժողների ներկայացուցիչներն այսօր հաշտության նախնական համաձայնության եկան:

Երեք տարի առաջ տեղի ունեցած վթարի հետևանքով որդիներին կորցրած Հակոբյանները քաղաքացիական հայց էին ներկայացրել վթարի մեջ մեղավոր ճանաչված դերասանի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել նրան վճարել տուժած Տաթևիկ Հակոբյանի բուժման ու փաստաբանական ծախսերը:

Պետրոսյանը մշտապես հայտարարում էր, որ պատրաստ է վճարել աղջկա բուժման համար՝ անհասկանալի համարելով, թե ինչու են տուժողներն իր դեմ այդ պահանջով հայց ներկայացրել:

Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերի վերաբերյալ քննությունն անցավ դռնփակ նիստում:

Դերասանի շահերի ներկայացուցիչը նիստից հետո փոխանցեց, թե դատարանում հայտարարել է, որ չնայած համաձայն չեն փաստաբանի ծախսերը փոխհատուցելու պահանջին, այդուհանդերձ պատրաստ են նորից վճարել, միայն թե գործն ավարտվի:

«Ես համոզված եմ, որ այդ հայցը մերժվելու է: Ուղղակի Վարդան Պետրոսյանը չի ուզում լրացուցիչ ցավ պատճառի տուժողներին․ մարդը ասում է՝ վճարեմ գումարը, պրծնենք էս պատմությունը: Որովհետև մենք՝ ինքն էլ, ես էլ, վերջը չենք տեսնում: Որովհետև եթե դատարանը այս հայցը մերժի, մտահոգություն կա, որ իրենք կմտնեն դատական ծախս որպես այդ գումարի պահանջով: Այսինքն կլինի 2017-18 թվականներին վերջը», - ասաց Պետրոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Տուժող Հակոբյանների շահերը ներկայացնող փաստաբան Ռուբեն Բալոյանը պահանջեց փոխհատուցում՝ 2 միլիոն 550 հազար դրամի չափով:

Դատավորն առաջարկեց համաձայնության գալ 2 միլիոն դրամի շրջանակներում: Վարդան Պետրոսյանի շահերի ներկայացուցիչն ասաց, որ իրենք համաձայն են առաջարկին և վաղը դատարանին կներկայացնեն հաշտության համաձայնագիրը:

«Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ եթե պայմանը այն է, որ այլևս իրենից որևէ գումարի, որևէ այլ պահանջ չեն ներկայացնի այդ վթարի հետ կապված, ինքը պատրաստ է այդ գումարն էլ վճարի, որպեսզի դատավարությունը ընդմիշտ վերջանա», - փոխանցեց Բաղդասարյանը:

Վարդան Պետրոսյանը մեկ տարի առաջ Կոտայքի մարզի դատարանի կողմից 5 տարվա ազատազրկման դատապարտվեց վթարի համար: Այժմ դերասանը պատիժը կրում է բաց ռեժիմով՝ առավոտյան ժամը ութից մինչև երեկոյան ութը անցկացնելով ազատության մեջ, երեկոներն ու գիշերները՝ կալանավայրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG