Մատչելիության հղումներ

logo-print

Երևանում կանցկացվի իտալական ֆիլմերի փառատոն


Հայաստանում Իտալիայի դեսպանության մշակութային կցորդ Լաուրա Պաչիենտին լրագրողների հետ հանդիպմանը: 2-ը մարտի, 2016 թ․

Հայաստանում Իտալիայի դեսպանության մշակութային կցորդ Լաուրա Պաչիենտին լրագրողների հետ հանդիպմանը: 2-ը մարտի, 2016 թ․

Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ անցկացվող փառատոնը կմեկնարկի մարտի 7-ին:

Այսօր Իտալիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսին դեսպանության մշակութային կցորդ Լաուրա Պաչիենտին նշեց, որ փառատոնի օրերին նշվող Կանանց միջազգային տոնի կապակցությամբ այս տարի հայ հանդիսատեսին կներկայացվեն միայն կանանց խնդիրներին նվիրված ֆիլմեր, որոնք նկարահանվել են 2010-2015 թվականներին:

Պաչիենտին, ի դեպ, արդեն մի քանի տարի նաև իտալերեն է դասավանդում Երևանի պետական համալսարանում: Այսօրվա ասուլիսին նա շեշտեց, որ աշխատանքի ընթացքում շփվում է բազմաթիվ հայ կանանց հետ, և կարող է ասել, որ իտալուհիների և հայուհիների խնդիրները շատ չեն տարբերվում: Նրա համոզմամբ՝ կանանց հուզող խնդիրները նույնն են ամբողջ աշխարհում, և ազգային պատկանելությունն այդտեղ «դեր չի խաղում կամ քիչ դեր է խաղում»:

«Ցուցադրվելիք հինգ ֆիմերից երկուսի ռեժիսորները կանայք են, որոնք թերևս ավելի խորագիտակ են այսօր ժամանակակից կնոջը հուզող հարցերին, նրա համապարփակ աշխարհին», - ասաց Լաուրա Պաչիենտին: - «Կտեսնենք տարբեր կանանց կերպարներ՝ ուժեղ, թույլ, մայր, քույր, սիրուհի, կին․․․ Այն կնոջը, որ մենք տեսնում ենք ամենուրեք մեր կյանքում»:

Փառատոնը հայ հանդիսատեսին կներկայացնի «Ամուսնություններ և այլ աղետներ», «Աստծո ողորմությամբ», «Երջանկության աթոռը», «Առաջին նշանակումը» և «Հեռու մնա ինձնից» ֆիլմերը:

Սրանք այնպիսի ֆիլմեր են, որտեղ ներկայացված է ժամանակակից կինն առանց կարծրատիպերի՝ իր մտահոգություններով ու հուզմունքներով, հոգսերով և ուրախությամբ, իր ազատությամբ և անկախությամբ:

«Այս ֆիլմերի հերոսուհիները բոլորովին ինքնուրույն են և ոչ թե 80-ականնների ֆիլմերի հերոսուհիների նման անպայման ինչ-որ մեկի կինը, մայրը, քույրը, դուստրը կամ պարզապես տնային տնտեսուհի», - նշեց Լաուրա Պաչիենտին՝ հույս հայտնելով, որ իտալական կինոյի փառատոնը կհետաքրքրի հայ հանդիսատեսին:

Ֆիլմերը ցուցադրվելու են մարտի 7-11-ը «Մոսկվա» կինոթատրոնում երեկոյան ժամը 18-ին:

XS
SM
MD
LG