Մատչելիության հղումներ

logo-print

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Ամանորի գիշերը ոստիկանական բռնությունները քննող գործը «հանցակազմի բացակայության հիմքով»: Ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու մասին բողոք գրած Վահրամ Պետրոսյանն արդեն ստացել էր իրավապահների հիմնավորումը:

«Մենք սպասելիքներ չունեինք, որ իրականում ոստիկանները իրենց արդարացի պատիժը կստանան, բայց ամեն դեպքում չէինք սպասում, որ գործը նույնիսկ դատարան չի ուղարկվի: Իշխանությունների լկտիությունը ևս մեկ անգամ գերազանցեց մեր սպասելիքները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Քննիչը հրապարակված տեսանյութերում չի տեսել կադրեր, երբ ոստիկանները ծեծում են ընդդիմադիրներին, առավել ևս՝ որ ոչ իրավաչափ են գործում, մինչդեռ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ոստիկանապետին ուղարկած գրությունում բառացի ընդգծել էր, թե իրավապահները ձեռքերով և ոտքերով հարվածել են քաղաքացիներին:

«Միանշանակ, այդ օրը բռնություններ եղել են: Ոստիկանները ուղղակի հարձակվեցին և սկսեցին հարվածել: Մի որոշ ժամանակ չէինք հասկանում ինչ է կատարվում, որովհետև շատ անսպասելի էր դա: Մենք կանգնած՝ ուղղակի հարձակվեցին և սկսեցին հարվածել», - պատմում է Պետրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը անձամբ է տեսել, թե ինչպես էին ոստիկանները ծեծում մարդկանց: «Ժառանգության» փոխնախագահն իր ձեռքում էր պահել արհեստական փոքրիկ տոնածառը, որն իրավապահները թույլ չէին տալիս հրապարակ մտցնել․ - «Ե՛վ ոտքով է հարված եղել, և՛ ձեռքի հարված է եղել, և՛ կոպիտ ճնշում է եղել ֆիզիկական, ոտքերին են ներքևից հարվածել՝ դե չի երևում, կոշիկներով են հարվածում սրունքներին: Ամեն ինչ էլ եղել է և կադրերում էլ շատ ակնհայտ երևում է, որ տոնածառը ձեռքին՝ մարդը գնում է, հետևից հարվածում են, գցում են գետին: Ասենք՝ այդտեղ ՀՔԾ-ն ինչ պետք է աներ: ՀՔԾ-ն էլ նշանակվել է Սերժ Սարգսյանի կողմից»:

Ընդդիմադիր գործիչը չի հիշում վերջին տարիների գոնե մի դեպք, երբ ոստիկան է պատժվել՝ Մարտի 1-ից մինչև Բաղրամյանի ցույցեր: Այս գործում չազդեց անգամ Human Rights Watch-ի պահանջը:

«Սերժ Սարգսյանը սիրում է խոսել ազատ տնտեսական մրցակցության, լավ հնարավորությունների մասին, ներդրումային բարենպաստ միջավայրի մասին: Չգիտեմ, իրենք երևի չեն իմանում կամ էլ իմանում են՝ չիմանալու են տալիս, որովհետև խոշոր գործարարները այդպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպություններին սկզբում նայում են՝ թե ինչ վիճակ է, որ նոր հետո գալիս են՝ այդ երկրում ներդրումներ են անում», - ասում է Արմեն Մարտիրոսյանը:

Կարճված այս գործով բողոք գրած վեց ընդդիմադիրներից մեկն էլ Գևորգ Սաֆարյանն է: Նա, սակայն, ոչ թե տուժողի, այլ մեղադրյալի աթոռին է: Նախորդ շաբաթ ուշ գիշերին դատարանը երկարացրեց նրա կալանքը, հաջորդ առավոտյան փաստաբանն իմացել է, որ նախաքննությունն ավարտված է, իր միջնորդություններն էլ՝ մերժված: Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ, վերջին պահին մեղադրանքն այնպես է փոփոխվել, որ ոստիկանական ապօրինությունները գործից դուրս մնան․ - «Ամբողջովին աղավաղված և այն տպավորությունն է, որ քննիչը մտածել է, որ ով պետք է մանրամասների մեջ մտնի: Ուղղակի բարդել է Գևորգի վրա»:

Իսկ մյուս գործը կարճելու 18 էջանոց որոշումը քննիչն ամփոփում է վեց երիտասարդներին տեղեկացնելով, թե ոչ միայն ոստիկանների, այլև իրենց դեմ քրեական հետապնդում չի լինի՝ սուտ մատնության հոդվածով:

«Ձևակերպումից հասկացվում է, որ իբր մեր նկատմամբ ինչ-որ լավ վերաբերմունք են ցուցաբերել, որ մենք չենք հայտնվել մեղադրյալի կարգավիճակում: Բայց իրականում ուղղակի ծիծաղելի է: Իրենք հարձակվում են, հարվածում են, վերջում էլ մեր ընկերը մեղադրյալի կարգավիճակում է, մեզ էլ սպառնում է նույն բանը», - մեկնաբանում է Վահրամ Պետրոսյանը:

Ընդդիմադիր երիտասարդները պատրաստվում են բողոքարկել գործը կարճելու որոշումը:

XS
SM
MD
LG