Մատչելիության հղումներ

Օհանյանը կարևորում է ՊՆ-ի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ


Լուսանկարը՝ ՊՆ-ի

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակում գործընկերության նպատակների նոր փաթեթը համաձայնեցնելու նպատակով փետրվարի 29-ից մարտի 2-ը Երևանում էր ՆԱՏՕ-ի կառույցների համահավաք պատվիրակությունը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պատվիրակությունը գլխավորում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի` պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով փոխօգնական Ջոնաթան Փերիշը:

Հայաստանի ռազմական գերատեսչության` ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար պատասխանատու աշխատակիցների և պատվիրակության միջև եռօրյա քննարկումները նվիրված էին Պլանավորման և վերանայման գործընթացի 2014-2015 թվականների փաստաթղթով սահմանված գործընկերության նպատակների կատարման վերստուգմանը, առաջիկա երկու տարիների համար գործընկերության նոր նպատակների համաձայնեցմանը:

Այսօր Ջոնաթան Փերիշին և նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղենիշները, մասնավորապես` գործընկերության նպատակների կատարման ընթացքը:

Նախարարը արժևորել է պաշտպանական գերատեսչության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որը ծառայեցվում է ինչպես միջազգային անվտանգության ապահովման գործում Հայաստանի հանձնառությունների կատարմանը, այնպես էլ Հայաստանում պաշտպանական վերափոխումների իրականացմանը:

Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելություններին հայկական զորախմբերի շարունակական մասնակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG