Մատչելիության հղումներ

logo-print

Հազարավոր հյուրեր մասնակցեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ ծրագրին Կրեմլի պալատում


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Մոսկովյան Կրեմլի Մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում փետրվարի 27-ին տեղի ունեցավ «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության 10-րդ ամենամյա ծրագիրը, որին մասնակցեցին 4500 հյուրեր: Բազմաթիվ հայ աստղեր ավելի քան չորս ժամ հանդես եկան հայրենասիրական երգերով և երաժշտական կատարումներով մեծ լսարանի առջև:

Վալերի Սահարյանի կազմակերպած այս տարվա ծրագիրը գնահատանքի արժանացրեց 12 անհատների և կազմակերպությունների՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ունեցած կարևոր ներդրումների համար, ներառյալ.

- Վլադիմիր Ժիրինովսկի (Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր),

- Հարութ Սասունյան («Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և «Հայաստան Արցախ հիմնադրամի» նախագահ),

- «Արմենիա ֆուտուրա»,

- Սերգեյ Սմբատյան (դիրիժոր, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր-ղեկավար):

Մյուս մրցանակակիրները, որոնք չէին կարողացել ներկա գտնվել արարողությանը, իրենց խոսքն ուղղեցին տեսանյութի կամ ներկայացուցիչների միջոցով.

- Վալերի Բուայե (Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ),

- Վիգեն Սարգսյան (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պետական հանձնաժողովի կազմակերպած ծրագրերի համակարգող),

- Հայաստանի մշակույթի նախարար,

- Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան (Մոսկվայի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ),

- Սերժ Թանկյան (System of a Down),

- Ռուբեն Վարդանյան (բարերար և գործարար),

- Արթուր Ջանիբեկյան («Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»),

- Արա Վարդանյան («Հայաստան» համահայկական հիմնադրամ):

Իր մրցանակը ստանալիս՝ Ժիրինովսկին շատ խիստ խոսքեր ասաց Թուրքիայի հասցեին: Ահա որոշ հատվածներ նրա ելույթից. - «Կգա այն օրը, երբ հայերն իրենց փառատոները կնշեն ազատագրված Արևմտյան Հայաստանի հողի վրա: Դա կարող է լինել ձեր սուրբ լեռան` Արարատի անունը կրող մի փառատոն: Այն կարող է անցկացվել Կարսում, Արդահանում, Սասունում, Տրապիզոնում.... Եթե ես լինեի, ռուսական ինքնաթիռի խոցումից հետո կհրամայեի հզոր հարված հասցնել Թուրքիային: Ու այսօր Թուրքիայից քիչ բան կմնար.... Ես մաղթում եմ, որ իրականանա ողջ հայության երազանքը՝ պատժվեն նրանք, ովքեր 1915-ի ապրիլին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացրեցին այդ սարսափելի ցեղասպանությունը»:

Ժիրինովսկին շարունակեց իր կոշտ ելութը՝ հայտարարելով, որ Թուրքիան հարձակվեց հայերի վրա, որոնք «ապրում էին իրենց հայրենիքում, իրենց հողի վրա: Իսկ թուրքերը քոչվորներ էին, նրանց հայրենիքը Միջին Ասիայում է, Տաշքենդում: Նրանք պետք է գնան այնտեղ և Անատոլիան թողնեն հայերին, քրդերին և հույներին: Իսկ Կոստանդնուպոլիսը պետք է լինի ազատ քաղաք: Ժամանակն արագ է փոփոխվում: Հնարավոր է, որ մոտ ժամանակներս դա իրականանա: Հայե՛ր, ձեզ ոչ ոք չի խանգարի: Այնպես որ, Արևմտյան Հայաստանի հայերի սերունդները թող պատրաստեն իրենց փաստաթղթերը` իրենց կորցրած հողերն ու գույքը հետ ստանալու համար: Ես օդում չեմ խոսում, ես համոզված եմ, որ հայերը շուտով կոգեկոչեն ոչ թե Հայոց ցեղասպանության տարելիցը, այլ կտոնեն Արևմտյան Հայաստանի ազատագրումը, իսկ հայկական դրոշը կծածանվի Կարսում, Արդահանում, Արարատի վրա, Սասունում և Տրապիզոնում»:

Դժվար էր հանդես գալ Ժիրինովսկու ազդեցիկ ելույթից հետո: Մրցանակս ստանալով՝ ես դահլիճին դիմեցի հետևյալ հակիրճ խոսքով. - «Ցեղասպանությունը անժամանցելի, անժամկետ մի հրեշավոր ոճիր է: Թուրքական կառավարությունը թող լավ իմանա, որ հայ ժողովուրդը չի մոռանալու իր արդար իրավունքները: Թեև հարյուր տարի է անցել, նույնիսկ հազար տարի էլ անցնի, մենք մնալու են պահանջատեր և պայքարելու ենք՝ վերստանալու համար այն ամենը, ինչ կորցրել ենք: Թուրքիան պետք է վերադարձնի մեր անհատական և համայնքային բոլոր կալվածքները, և ամենակարևորը՝ մեր պատմական հողերը՝ Արևմտահայաստանը: Մեկ խոսքով՝ պահանջում ենք մեզանից բռնագրավված ունեցվածքը և մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների արյան գնի հատուցումը»:

Այնուհետև լսարանին կոչ արեցի չհուսահատվել. - «Հարյուր տարի առաջ, հզոր և ընդարձակ Օսմանյան կայսրությունը փլուզվեց և մասնատվեց՝ դառնալով Թուրքիայի Հանրապետություն՝ շատ ավելի փոքր սահմանների մեջ: Աստծո կամոք և մեր հարատև ճիգերով, վստահ եմ, կգա այն օրը, երբ այսօրվա Թուրքիան ևս կփլուզվի ներքին և արտաքին ճնշումների հետևանքով: Մենք պետք է պատրաստ լինենք օգտվելու այդ առիթից՝ ազատագրելու մեր պատմական հողերը: Մինչ այդ՝ բոլորս միանա՛նք՝ Հայաստանի Հանրապետություն, Արցախ և Սփյուռք, դառնանք մեկ բռունցք, որպեսզի մեր Հայրենիքը դառնա հզոր տնտեսական ուժ, հզոր քաղաքական ուժ և հզոր ռազմական ուժ: Միայն այդպիսի հզոր Հայաստանն է, որ կկարողանա ոչ թե աղաչել ու պաղատել, այլ տեր կանգնել իր արդար իրավունքներին»:

Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ այս ոգեշնչող չորսժամյա ծրագիրը ուղիղ եթերով հեռարձակվեց աշխարհի բոլոր հայկական համայնքներում: Վստահ եմ, որ Կրեմլի պալատում ներկա գտնվող 4500 հյուրերը և միլիոնավոր հեռուստադիտողներ համակվեցին մի նոր պատրաստակամությամբ՝ հետամուտ լինելու իրենց ազգային նպատակներին՝ մինչև դրանց վերջնական իրականացումը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG