Մատչելիության հղումներ

«Օսկար»-ի արժանացած ֆիլմի հիմքում ամերիկահայ փաստաբանի գործունեությունն է


Spotlight ֆիլմի պրոդյուսեր Մայքլ Սուգարին ստանում է «Օսկար» մրցանակը, Հոլիվուդ, Լոս Անջելես, 28-ը փետրվարի, 2016թ.

Spotlight ֆիլմի պրոդյուսեր Մայքլ Սուգարին ստանում է «Օսկար» մրցանակը, Հոլիվուդ, Լոս Անջելես, 28-ը փետրվարի, 2016թ.

Միթչել Կարապետյանը աշխատել է ապացուցել, որ Մասաչուսեթսում կաթոլիկ որոշ հոգևորականներ սեռական բնույթի ոտնձգություններ են կատարում երեխաների նկատմամբ։

«Օսկար» մրցանակաբաշխությունում տարվա ֆիլմ ճանաչված Spotlight` «Ուշադրության կենտրոնում» ֆիլմի հիմքում, ըստ էության, ընկած է ամերիկահայ փաստաբան Միթչել Կարապետյանի գործունեությունը, ով աշխատել է ապացուցել, որ Բոստոնում՝ Մասաչուսեթսում կաթոլիկ որոշ հոգևորականներ սեռական բնույթի ոտնձգություններ են կատարում երեխաների նկատմամբ։

Հենվելով Կարապետյան սկզբնաղբյուրի վրա՝ The Boston Globe թերթի լրագրողների թիմը երկարատև հետաքննության արդյունքում բացահայտում է այդ սկանդալային պատմությունը, Բոստոնի կարդինալ Բերնարդ Լոուն հրաժարական է տալիս։

The Boston Globe-ի այդ աշխատանքը համարվում է ամերիկյան մամուլի ամենաերկարատև հետաքննություններից մեկը։ Լրագրողները ստացել են Պուլիտցերյան հեղինակավոր մրցանակը։ Բայց մինչ նրանց կողմից հետաքննություն սկսելը, զոհերի իրավունքների համար պայքարում էր մեկ մարդ՝ փաստաբան Միթչել Կարապետյանը, ում կերպարը ևս ֆիլմում մարմնավորված է։

Ֆիլմում Կարապետյանի դերը խաղում է արմատներով իտալացի ամերիկյան դերասան Սթենլի Տուչին։

Համացանցում տեղադրված տեսանյութում նա պատմում է, որ փաստաբան Կարապետյանը, ով հիմա նույնպես աշխատում է՝ փաստաբան է, Բոստոնում հետաքննել է հոգևորականների կողմից սեռական ոտնձգությունների բազմաթիվ դեպքեր։

The Boston Globe-ի հետաքննական աշխատանքը սկսվում է 2001 թվականից, երբ թերթի նոր խմբագիր է նշանակվում Մաթի Բըրնը, ով ծանոթանում է փաստաբան Միթչել Կարապետյանի նամակին։

Թերթում տպագրված նամակում նա պնդում է հոգևորականների կողմից այդ ոտնձգությունների մասին և The Boston Globe-ին հորդորում է լրագրողական հետաքննություն սկսել։

Կարապետյանը լրագրողներին հայտնում է, որ հանրային, այսինքն՝ մատչելի փաստաթղթեր կան, որոնք Բոստոնի կարդինալը անտեսում է՝ այդ ոտնձգությունների ապացույցները, դրանց վրա ուշադրություն չի դարձնում։

The Boston Globe-ի հետաքննական թիմը սկսում է աշխատանքը, հասնում է այն բանին, որ դատարանի որոշմամբ շատ ավելի փաստաթղթեր բացվեն, փորձում են գտնել նաև զոհերին, ի վերջո` սկանդալային հետաքննության արդյունքները հրապարակվում են։

Իրական պատմության փաստերով նկարահանված ֆիլմի ռեժիսորը Թոմ ՄըքՔարթին է։ Նա նաև սցենարի հեղինակն է Ջոշ Սինգըրի հետ։

Սցենարը գրվել էր երեք տարի առաջ, բայց սկզբում ընկել էր չիրականացվող ծրագրերի սև ցանկը։ Սցենարի հեղինակներից Ջոշ Սինգըրն ասել էր, թե իրենց նպատակը Կաթոլիկ եկեղեցու նկատմամբ մարդկանց հավատը սասանելը չէ, այլ մամուլի ուժն ընդգծելն է, որն այսօր մեծ մասամբ թուլացել է։

«Այս պատմությունը կարևոր է, լրագրությունը կարևոր է, և սա է այս պատմության խորը իմաստը», - ասել է Spotlight-ի սցենարիստը։

XS
SM
MD
LG