Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր վեց ուժեր 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ միասնական հավաք և երթ անցկացրին «Ընդդեմ պետական ահաբեկչության» կարգախոսով:

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես, Ստեփան Դեմիրճյանի՝ Հայաստանի Ժողովրդական կուսակցություններին, Րաֆֆի Հովհաննիսյանի ու Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած «Նոր Հայաստան» շարժմանը համատեղ հայտարարությամբ միացել են նաև Պարույր Հայրիկյանի ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորում»-ը, Աշոտ Մանուչարյանի «Հայաստան» նախաձեռնությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ղեկավար անդամ է Նիկոլ Փաշինյանը:

Համատեղ հիշատակի հավաք-երթն ավարտվեց Մյասնիկյան հրապարակում՝ զոհվածերի հիշատակին ծաղիկների խոնարհումով:

Ազատության հրապարակում ելույթ ունեցավ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով արձանագրեց, որ մարտի 1-ին տեղի ունեցած 10 սպանությունների համար մինչև օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Այնուհետև «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ընթերցեց ընդդիմության միացյալ հայտարարությունը, որի հեղինակները զուգահեռներ են տանում սահմանադրական հանրաքվեի հետ՝ եզրակացնելով, որ «ռեժիմը շարունակում է Մարտի 1-ի տրամաբանության զարգացմամբ մերժել ժողովրդի քվեն և յուրացնել իշխանությունը»:

Ընդդիմադիրները պահանջեցին անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին «և մյուս բոլոր քաղբանտարկյալներին»:

«Մարտիմեկյան ոճրագործության կրկնությունը հնարավոր է բացառել և բռնապետության դեմ պայքարը հաջողել միայն ռեժիմի հեռացմանն ուղղված` ժողովրդական լայն դիմադրության ձևավորմամբ», - ասված է քաղաքական վեց ուժերի հայտարարությունում:

Հայտարարության ընթերցումից հետո հիշատակի երթի մասնակիցները շարժվեցին դեպի Գրիգոր Լուսավորիչ պողոտա, որտեղ Մյասնիկյանի արձանի առջև ծաղիկներ խոնարհեցին ի հիշատակ 2008 թվականի իրադարձությունների ժամանակ զոհվածների:

Զոհվածների հիշատակին ծաղիկներ խոնարհեցին նաև երթն ուղեկցող ոստիկանները:

2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան, հիշեցնենք, ոստիկանները հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, որոնք իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրը ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

XS
SM
MD
LG