Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի 1-ի գործով «դրական առաջխաղացում ակնկալել կարելի է միայն իշխանափոխությունից հետո»


Զինվորականները Երևանի կենտրոնական փողոցներից մեկում: 2-ը մարտի, 2008 թ․

Զինվորականները Երևանի կենտրոնական փողոցներից մեկում: 2-ը մարտի, 2008 թ․

2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից 8 տարի անց 10 սպանությունների բացահայտման հարցում որևէ առաջընթաց չկա:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, հիշեցնենք, մոտ մեկուկես տարի առաջ նախաքննությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով հանձնարարել էր գործերը քննել առանձին վարույթներով: Կոստանյանն անձամբ հանդիպել էր զոհերի հարազատներին, սակայն դրանից հետո վերջիններս ընդամենը մեկ անգամ են հրավիրվել հարցաքննության:

«Այդտեղ տակտիկական խնդիր է, սկզբունքային հարց չկա: Սկզբունքային հարցը հանցագործությունների բացահայտումն է: Չգիտեմ ինչու առանձնացրեցին, բայց դա բացահայտման տեսանկյունից որևէ բանի չհանգեցրեց», - այդ առնչությամբ կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ):

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հավելեց․ - «Դա բնորոշ է հենց այդ անձին, որը շատ ավելին է փորձում ցույց տալ, քան իրականում ինքը հնարավորություն ունի»:

Ավելի վաղ՝ 2011 թվականին, դատական բարեփոխումների շուրջ հրավիրած խորհրդակցությանը 10 սպանությունների բացահայտմանն ու քրեական գործին նոր թափ հաղորդելու մասին խոսել էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ վստահեցնելով, թե հարցը շատ կարևոր է անձամբ իր համար:

Արթուր Սաքունցը, ով բազմիցս դիմել է Գլխավոր դատախազություն ու Հատուկ քննչական ծառայություն, պնդում է, թե քրեական գործում որևէ տեղաշարժ չի արձանագրվել․ - «Նման վերաբերմունքը ցույց է տալիս, որ չկա ցանկություն իրապես քննություն իրականացնելու, այլ ավելի շատ՝ կոծկել Մարտի 1-ի հանցագործությունը»:

Նա, մինչդեռ, վստահ է, որ առաջխաղացում հնարավոր էր, քանի որ իրավապահներին ուղղած նամակներին կցել էր տեսանյութեր, վկայություններ ու փաստաթղթեր: Ի հայտ եկած նոր փաստերը, սակայն, չեն քննվել․ - «Ուղարկում ենք գրություն լրատվամիջոցներով հնչեցված տվյալները ստուգելու ուղղությամբ պահանջ, և նրանք շատ լկտիաբար պատասխանում են, որ մենք իրավունք չունենք իրենց թելադրելու»:

Մարտիմեկյան իրադարձություններից հետո ազատազրկված Ալեքսանդր Արզումանյանը 8 տարի առաջ տեղի ունեցածը Հայաստանի պատմության ամոթալի էջերից է համարում:

Արզումանյանը տարօրինակ չի համարում, որ մեղավորներն անպատիժ են մնում․ - «Իշխանությունում այսօր գտնվում են մարդիկ, որոնք անմիջական կապ են ունեցել Մարտի 1-ի սպանդի հետ՝ թե՛ կազմակերպման առումով, թե՛ ապագայում կոծկելու առումով: Այնպես որ, մինչև չլինի իշխանափոխություն և ժողովրդի քվեն ստացած իշխանություն չձևավորվի, դժվար է ակնկալել, որ դրական առաջխաղացում կլինի»:

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը չի կասկածում, որ իրավապահներն ի զորու են բացահայտել այդ հանցագործությունները, բացակայում է, սակայն, քաղաքական կամքը: Նա հիշեցրեց, որ 2009 թվականին նախագահ Սարգսյանի որոշմամբ լուծարվեց փաստահավաք խումբը, իսկ 2013 թվականին, չնայած հրապարակային խոստումներին, իշխանությունը մերժեց Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու՝ Հայ ազգային կոնգրեսի առաջարկը:

«Ներկա իշխանության մեջ բազմաթիվ պատասխանատուներ մինչև այսօր էլ պաշտոնավորում են, որոնք ուղղակի մեղավոր են Մարտի 1-ի դեպքերի համար, բանակի ապօրինի գործադրման, հանցավոր խմբավորումների կազմավորման, գործադրման և տասնյակ այլ ծանր հանցագործությունների համար: Երևի թե իշխանությունը այդ մտավախություններից ելնելով, որ շատ վտանգավոր թեմա է արծարծվելու, ձեռնպահ մնաց այդ նախաձեռնությունից», - նշեց Ջհանգիրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG