Մատչելիության հղումներ

logo-print

Հափշտակում կատարելու մեղադրանքով ձերբակալվել է ՀԷՑ-ի երկու նախկին աշխատակից


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանը և բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

«2012 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ին պատկանող «Սիրարփի» ՓՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի իրական ծավալը ներկայացվել է շատ ավելին։ Նախնական քննության տվյալներով՝ կողմնակի միջամտության արդյունքում իրականից ավել է ներկայացվել 3.810.188 կՎտ/ժ, որի արժեքը կազմում է 95.694.000 ՀՀ դրամ, ինչը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վճարվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերությանը»,- ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեն նաև հայտնում է՝ քննությամբ պարզվել է, որ «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերությունը փաստացի պատկանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանին (վերջինս աշխատանքից ազատվել է 2015 թվականին), ով ի պաշտոնե ղեկավարել է արտադրող կայաններից էլեկտրաէներգիայի գնման և վաճառքով զբաղվող՝ ՀԷՑ-ի համապատասխան դեպարտամենտի աշխատանքները։

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով փետրվարի 29-ին ձերբակալվել են Գաբրիելյանը և նրա անմիջական ենթակայության տակ գտնվող, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը (ում ղեկավարած բաժինն իրականացրել է արտադրող կայաններից գնվող էլեկտրաէներգիայի հաշվառումը): Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG