Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետ․ Ծանր փուլում ենք գտնվում


Վարչապետը Լևոն Յոլյանին (ձ) ներկայացնում է նախարարության աշխատակազմին, 1-ը մարտի, 2016թ.

Վարչապետը Լևոն Յոլյանին (ձ) ներկայացնում է նախարարության աշխատակազմին, 1-ը մարտի, 2016թ.

Ծանր փուլում ենք գտնվում, այսօր հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ներկայացնելով էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը երեկ ուշ երեկոյան ազատվեց պաշտոնից, նրան փոխարինեց Յոլյանը, ով անգամ անկախ Հայաստանում հասցրել է լինել Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միության բյուրոյի անդամ, այնուհետև տեղափոխվել է մասնավոր սեկտոր, հետո զբաղեցրել առողջապահության փոխնախարարի պաշտոնը։ Վերջին տասը տարիներին Յոլյանը Վերահսկիչ պալատի փոխնախագահն էր, ընդ որում, չլինելով Հանրապետական՝ ընդգրկված էր նաև սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբում:

«Ծանր փուլում ենք գտնվում, համագործակցության, քննարկումների փուլում ենք գտնվում, և ես համոզված եմ, որ այս կարճ ժամանակահատվածում Դուք կմտնեք աշխատանքի մեջ և կփորձեք համապարփակ աշխատանքները առաջ տանել»,- նորանշանակ նախարարին ասաց վարչապետը։

Վարչապետին խնդրեցինք մանրամասնել՝ ի՞նչ ծանր փուլի մասին է խոսքը:

«Նկատի ունեմ բանակցությունները. Ռուսաստանի Դաշնության հետ հիմա գազի սակագնի պայմանագիրն է քննարկվում, Իրանի Իսլամական Հանրապետության հետ երրորդ գծի կառուցման աշխատանքներն են, Վրաստանի Հանրապետության հետ էլեկտրագծերի կառուցման երկու ծրագիր է ընթանում»,- ասաց Աբրահամյանը։

«Իրանի հետ գազի գնման շուրջ բանակցություններ տարվո՞ւմ են»։ «Գազի գնման մասին չէ խոսքը, գազի պայմանագրի։ Դուք տեղյակ եք, որ մենք գազը ստանում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից և փոխարենը փոխհատուցում ենք էլեկտրաէներգիայով։ Միայն այդ գործարքի շրջանակներում են [ընթանում բանակցությունները]»,- պատասխանեց վարչապետը։

Վարչապետի պնդումը, թե Հայաստանը բանակցություններ չի վարում Իրանի հետ գազ գնելու շուրջ, ըստ էության, հակասում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի՝ Ազգային ժողովում մոտ մեկ ամիս առաջ արած հայտարարությանը:

Արձագանքելով Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի քննադատությանը, թե Հայաստանի իշխանությունները մոնոպոլ իրավունքներ են տվել «Գազպրոմ»-ին և այժմ ստիպված են գազը գնել միայն Ռուսաստանից, Գաբրիելյանը հայտարարել էր. - «Որևէ պայմանագրում նշված չէ մոնոպոլիա Իրանի հետ հարաբերությունների տեսակետից: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության տարածքից «Գազպրոմ»-ի մոնոպոլ դիրքին, որը տվյալ երկրի շահերի խնդիրն է: Ինչ վերաբերում է այլ աղբյուրներից, մասնավորապես՝ Իրանից գնելուն, այդ պայմանագրով սահմանափակումներ չկան: Եվ Իրանի հետ նույնպես մենք նմանատիպ աշխատանքներ կատարում ենք, գտնվում ենք բանակցությունների մեջ»։

Թե ինչու է մոտ երկու տարի ոլորտը ղեկավարող Զախարյանը հեռացվում աշխատանքից, չհստակեցրեց ո՛չ վարչապետը, ո՛չ ինքը՝ Զախարյանը: «Թողեք գոնե հանգիստ ազատվենք աշխատանքից։ Սա փոխադարձ համաձայնություն, ցանկություն էր, իհարկե»,- ասաց Զախարյանը՝ նշելով, որ առաջիկայում հանգստանալու է։

Զախարյանը, հրաժեշտ տալով նախարարության աշխատակիցներին, ձեռքբերումների շարքում նշեց, թե ի տարբերություն նախորդ տարիների, երբ «Հայկական էլեկտրական ցանցերը» շարունակ վնասներ էր կուտակում, անցած յոթ ամիսներին ձևավորվել է 3.5 միլիարդ դրամ դրական հաշվեկշիռ:

Իսկ նորանշանակ նախարարը խոստովանեց՝ ոլորտի խնդիրներին դեռ քաջածանոթ չէ։ «Եկեք ավելի մանրամասն խոսենք միառժամանակ հետո, խոսք եմ տալիս՝ կլինեմ շատ թափանցիկ, հրապարակային, պարզապես խնդիրների մեջ պետք է մտնել, խնդիրների մասին այսօր չեմ ուզում խոսել»,- ասաց Յոլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG