Մատչելիության հղումներ

«Առանց ատելությա՞ն» խորագրով ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել են նաև «ինքնառեֆլեքսիա անել»:

Պրահայի «Դոքս» ժամանակակից արվեստի կենտրոնում բացվել է «Առանց ատելության» խորագրով ցուցահանդես, որը կգործի մինչև մարտի 21-ը: Կուրատոր Սյուզան Ստոֆկովան «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսն ուղղված է ընդդեմ փախստականների և գնչուների նկատմամբ ատելության։

«Լրատվամիջոցները փախստականներին ներկայացնում են որպես փախստականների ալիք, փախստականների երամ՝ արհամարհելով նրանց ինքնությունը», - ընդգծեց Ստոֆկովան՝ նշելով, որ իրենք փորձել են նաև «ինքնառեֆլեքսիա անել»։

«Փախստականների թեման շատ է շահարկվում։ Մեր ցուցահանդեսն էլ կարելի է դիտարկել որպես թեմայի շահարկում, այսինքն՝ մենք փորձել ենք նաև ինքնառեֆլեքսիա անել։ Արվեստագետներ կան, որոնք զրուցում են, օրինակ, փախստական կնոջ հետ, գրում նրա պատմությունը, դրա վրա արվեստի գործ սարքում ու գումար ստանում։ Երբեմն որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ գնում են փախստականների ճամբարներ և հարցնում՝ կա՞ն արդյոք նրանց մեջ նաև հաշմանդամներ։ Գուցե այդ սոցաշխատողներին էլ կարելի է հասկանալ՝ նրանք փորձում են առավել կարիքավորներին օգնել, բայց նման վերաբերմունքով նրանք նաև մարդկանց խմբերի, թվերի, վիճակագրությունների են բաժանում», - ասաց Ստոֆկովան։

Կուրատորը հայտնեց, որ ցուցահանդեսի համար նախապես մրցույթ էր հայտարարվել, որի արդյունքում էլ ընտրվել են լավագույն ներկայացումները, տեսանյութերը, մուլտիմեդիա նախագծերը։

Թեև ցուցահանդեսի կազմակերպման պատճառներից մեկը եղել է վերջին ամիսներին փախստականների նկատմամբ դրսևորվող անվստահությունն ու ատելությունը, կազմակերպիչները, սակայն, հիմնականում աշխատանքներ են ստացել Չեխիայում գնչուների նկատմամբ գոյություն ունեցող ատելության մասին, ինչն ավելի հին խնդիր է։ Համակարգողի խոսքով, այս թեմայով գործերի գերակշռումը բնական է, քանի որ Չեխիայում գնչուների նկատմամբ խտրականությունը նոր չէ, իսկ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում խնդրին լուծում տալու համար:

«Գնչուական սև լուսան» արտ-խմբի ներկայացումը մատնանշում է, որ երկրում նույնիսկ բացահայտ ազգատյաց որոշումներ ու օրենքներ են ընդունվում։ Մասնավորապես՝ Չեխիայի Դուխցով քաղաքի իշխանությունները որոշել են, որ քաղաքի որոշ այգիներում չի կարելի նստել նստարաններին։ Ստեֆկովան, ասաց, որ այդ օրենքը գործում է միայն գնչուներով բնակեցված թաղամասերում։

«Գնչուական սև լուսան» խմբի անդամները փորձել են ակցիա իրականացնել այդ այգիներից մեկում, սակայն ոստիկանները նրանց հեռացրել են այնտեղից, իսկ ակցիայի գնչու մասնակիցներին տարել ոստիկանություն։ «Գնչուական սև լուսան»-ի անդամների դեմ քաղաքացիական վարույթ է իրականացվել։

Ցուցահանդեսի մասնակից Իվանկա Չոնկովան էլ իր գործով փորձել է օգնել խոշտանգումների զոհ դարձած մի ընտանիքի: Նա այցելել է Սլովակիայի գյուղերից մեկում ապրող գնչու ընտանիքի, որի 14-ամյա զավակին ու նրա ընկերոջը ոստիկանները ստիպել են հարվածել միմյանց և տեսագրել են ծեծկռտուքը։

Չոնկովան մատիտներ էր նվիրել այդ ընտանիքի անդամներին, խնդրել նկարել, ապա փորձել էր այդ նկարները վաճառել, որպեսզի ընտանիքը միջոցներ ունենա այդ գյուղից հեռանալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG