Մատչելիության հղումներ

Ադրբեջանը փորձում է բարելավել հարաբերությունները Եվրամիության հետ


Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Բաքվում Մամեդյարով-Մոգերինի ասուլիսը մեկնարկել է փոխադարձ հաճոյախոսություններով։

Երկերեսանիության, իսլամատյացության, երկակի ստանդարտներ կիրառելու մեջ Եվրոպային մշտապես մեղադրող պաշտոնական Բաքուն այժմ փորձում է բարելավել հարաբերությունները Բրյուսելի հետ։

Նախօրեին Բաքվում տեղի ունեցած Մամեդյարով-Մոգերինի ասուլիսը մեկնարկել է փոխադարձ հաճոյախոսությունների ուղեկցությամբ։

Կողմերը կարևորել են համագործակցության ամրապնդումը, խոսել հարաբերությունների նոր մակարդակից, համատեղ նոր նախագծերից։

Հիշեցնենք, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի մայրաքաղաք է ժամանել նախօրեին՝ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրներ այցերի շրջանակում։

Ադրբեջանից հետո Մոգերինին կայցելի Հայաստան։ Այսօր Երևանում նախատեսված են մի շարք հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ։

Բայց մինչ այդ, Ֆեդերիկա Մոգերինին Բաքվում նախ մասնակցել է Ռուսաստանը շրջանցող «Հարավային գազային միջանցք» կոչվող նախագծի խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստին, ապա հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։

Բանակցություններից հետո Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը Եվրամիության ուշադրությանն է ներկայացրել ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախագիծ, որի շուրջ էլ քննարկումներ են անցկացրել, մասնավորապես՝ ուրվագծվել են այն քայլերը, որոնք ձեռնարկվելու են փաստաթղթի աշխատանքների մեկնարկի ուղղությամբ։

«Երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցությունն ընդլայնվում է։ 2019 թվականին Ադրբեջանի բնական գազը կհասնի եվրոպական շուկա», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

«Ադրբեջանի և Եվրամիության համագործակցությունը օրեցօր ամրապնդվում է։ Ադրբեջանն ունի Եվրամիության առևտրային հզոր գործընկերը դառնալու ներուժ», - ի պատասխան հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին։

Կողմերը բացի տնտեսական, էներգետիկ հարցերից քննարկել են նախ ղարաբաղյան հակամարտության հարցը։

«Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի այդ հակամարտությունը շուտափույթ կերպով լուծվի։ Մենք չենք հավատում, որ այն սառեցված է, Եվրամիությունը ևս Մինսկի խմբի հետ համատեղ պետք է լիցք հաղորդի այդ հակամարտությունը տեղից շարժելու ուղղությամբ», - հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

«Եվրամիությունը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, և այդ հակամարտության հարցը մեզ համար մնում է առաջնային», - ի պատասխան հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին՝ ընդգծելով, որ Եվրամիությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։

«Հակամարտության ստատուս քվոն անկայուն է», - նաև ասել է նա՝ կոչ անելով կողմերին բանակցությունների միջոցով հասնել հակամարտության խաղաղ կարգավորման։

XS
SM
MD
LG