Մատչելիության հղումներ

Այդպիսով նրանք ուզում են ևս մեկ անգամ բողոքի ձայն բարձրացնել դեռ նախորդ տարի գործարաններին հանձնած խաղողի գումարը մինչև այժմ չստանալու կապակցությամբ։

Աղավնաձորցիները «Վեդի ալկո»-ից ու Վանաձորի վերամշակող գործարաններից պահանջում են դեռ նոյեմբերին հանձնած մի քանի տոննա խաղողի գումարը։

«Ամիսներ առաջ ցույց էինք անում, որ բերքը մթերեն, հիմա՝ որ վճարեն», - բողոքում են նրանք։

Համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը գյուղապետարանի մոտ հավաքվածներին սաստեց՝ եթե շարունակեք բողոքել իշխանություններից, գումարն ընդհանրապես չեք ստանա։

2000 բնակիչ ունեցող Աղավնաձորի եկամտի հիմնական աղբյուրն «Արենի» տեսակի խաղողն է։

Հայկազ Ասատրյանը վարկ է վերցրել, այգիներ հիմնել, սակայն մինչև հիմա շահույթ չի կարողանում ստանալ։ Պարտքերը փակելու համար ստիպված է եղել անգամ որդուն արտագնա աշխատանքի ուղարկել․ - «Ռիսկի եմ գնացել, խաղողի այգի եմ հիմնել 2 հեկտար, փոքր բիզնես եմ ստեղծում, ինչի՞ են խոչընդոտում․․․ Լսում ենք, որ ապահովում են մարդկանց, ուրախանում ենք, որ անապահովներին օգնում են, բայց ապահով ընտանիքը որ քանդվում ա, հազարավոր մարդիկ են գնում, իրանց ուղեղը չի՞ աշխատում, էս ի՞նչ են կատարում»։

Հուսահատված գյուղացիները նշում էին, որ առօրյա ծախսերը չեն կարողանում հոգալ, և եթե հիմա գումար չստանան, գարնանը ստիպված կլինեն հողն անմշակ թողնել։

Մոտ մեկ ժամ տևած բանավեճից հետո գյուղապետը խոստացավ խնդրի մասին վարչապետին ու նախագահին նամակ գրել։ Գյուղացիների հարցին՝ ինչպես վարվեն չվճարված վարկերի հետ, պատասխանեց, թե բանկերից մեկի հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել, որ մի քանի ամսով սառեցնեն տոկոսների գանձումը։

Գյուղացիները, սակայն, թերահավատ էին։

Անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը պնդեց, թե աշնանը մթերված խաղողի գումարի միայն 10 տոկոսը չի վճարվել։

Բարձրաստիճան պաշտոնյան նաև խոստացավ․ - «Գործարանները աստիճանաբար պարտքը կփակեն»։

Գյուղացիները, սակայն, կառավարության այս խոստումներին ևս չեն հավատում ու սպառնում են փակել Հայաստանը Իրանին կապող միջպետական ճանապարհը՝ եթե առաջիկա օրերին գումարը չստանան։

XS
SM
MD
LG