Մատչելիության հղումներ

logo-print

Այգում գործող սրճարանի տնօրեն Դավիթ Առաքելյանն ընդունում է, որ տարածքում օրեր առաջ ապօրինաբար երկու հաստաբուն ծառ է հատել՝ հավելելով, որ պատրաստ է պատասխանատվություն կրել:

Առաքելյանն ասաց, թե հացենին ու թթենին որոշել է արմատախիլ անել, քանի որ մտավախություն է ունեցել, թե դրանք կարող էին տապալվել ու վնասել անցորդներին:

«Ինքնագլուխ արել եմ, պատրաստ եմ պատասխանատվություն կրել», - ասաց Առաքելյանը: - «Դրանք վտանգ էին պարունակում: Մի երեխա ստեղ վազեր, իրա վրա շուռ գար, դրա պատասխանը ո՞վ էր տալու: Բոլորը ձեռները լվալու էին, չէ՞: Ես չեմ ուզում, որ որևիցե մեկին վնաս պատճառի: Եթե դա հանցագործություն է, թող դատեն»:

Տնօրենն ասաց, որ հատված երկու ծառի փոխարեն տասը նոր ծառ են տնկելու: Նրա պնդմամբ՝ տարածքում հատման ենթակա այլ ծառեր ևս կան, և դա հասկանալու համար պետք չէ մասնագետ լինել:

Քաղաքապետարանը դատապարտել է ապօրինի ծառահատման այս դեպքը, համապատասխան ակտ ու գրություն կազմել և ուղարկել Ոստիկանություն ու Բնապահպանության նախարարություն:

Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ դեռ ոչինչ չեն ստացել: Իսկ Բնապահպանության նախարարությունը առայժմ վնասի չափն է որոշում․ եթե պարզվի, որ այն գերազանցում է 200 հազար դրամը, քրեական գործ կհարուցվի, եթե ոչ՝ կսահմանափակվեն միայն տուգանքով:

Ակտիվիստներին այս սցենարը չի գոհացնում․ Civil voice հասարակական կազմակերպության անդամներն այսօր հավաքվել էին քաղաքապետարանի առջև․ - «Մենք դիմում ենք Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին: Մամլո հաղորդագրություններ տարածելով ավելի բարեկարգ Երևան չեք ունենալու: Ավելի բարեկարգ Երևանը դա սելֆիները չեն, ավելի բարեկարգ Երևանը դա գործողություններ են: Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում օրեր առաջ տեղի ունեցած ապօրինի ծառահատումների վերաբերյալ»:

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն այսօր ևս մեկ հայտարարություն տարածեց Օպերայի տարածքում ապօրինի ծառահատման վերաբերյալ: Բախշյանը պնդում է, թե սրճարանի տարածքում ծառերի տեղում բետոն է լցվել:

Տեղում շինարարական աշխատանքները հսկող աշխատակիցը խորհուրդ տվեց հավատալ իր ազնիվ խոսքին, թե ոչ մի ծառ չեն կտրել, միաժամանակ՝ արգելեց նկարահանել տարածքը․ - «Կարող եք մտնել, ձեր աչքով նայել, բայց նկարահանում չի թույլատրվում»:

XS
SM
MD
LG